չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է․ ԱԺ պատգամավոր

Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է․ ԱԺ պատգամավոր

Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է այս եւ հետագա փուլերում։ Այս մասին գրում է իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում գրառման մեջ կարդում ենք․

«Յուրաքանչյուր գերեվարվածի հայրենադարձումը սպասված է բոլորիս համար, յուրաքանչյուրի ներդրումն այս գործում՝ գնահատելի։

Սակայն մի խնդրանք՝ հարգենք այլոց անձնական կյանքի իրավունքը եւ ավելորդ նկարների հանրայնացումից զերծ մնանք։ Երբ խոսքը կնոջ մասին է, ապա հարցն ինձ համար առավել զգայուն եւ նուրբ է։ Մարդասիրական իրավունքի հիմնական աղբյուրների՝ Հաագայի 1899 եւ 1907 թվականների եւ Ժնեւի 1949 թվականի 3-րդ կոնվենցիայի եւ դրանց կից արձանագրությունների շրջանակում, միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից երաշխավորվում է գերեվարվածների իրավունքները բոլոր ոլորտներում։
 
Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է այս եւ հետագա փուլերում։ Վերջիններիս մասին սոցիալական հարթակներում եւ լրատվական կայքերում հաճախ տարածվում են տեղեկություններ՝ անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարմամբ։ Համացանցում պարբերաբար շրջանառվում են նրանց անունները, բնակության վայրը եւ հասցեն, տարածվում են այլ տվյալներ՝ լուսանկարներ եւ տեսանյութեր։ Մինչդեռ ցանկացած տեղեկություն պետք է լինի ապաանձնավորված։
 
Գերությունից վերադարձած անձի մասին տարածված տվյալներով նույնականացումն ոտնահարում է նրանց հիմնարար եւ սահմանադրական իրավունքները։ Ե՛ւ որպես իրավաբան, ե՛ւ որպես պատգամավոր խնդրահարույց եմ համարում այդ հանգամանքը, քանի որ հրապարակումները համացանցում մշտապես հասանելի են մնալու, եւ ապագայում բացասաբար կանդրադառնան գերեվարված եւ անհայտ կորած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների կյանքի վրա»։

  • Կիսվել: