ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գել ու գազանին թողել, ընգել են բանի հետևից․ Վարդան Ղուկասյան

Գել ու գազանին թողել, ընգել են բանի հետևից․ Վարդան Ղուկասյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պետական համակարգում տրամադրվող աշխատավարձերին, ասաց, որ ինքը  կողմնակից է  աշխատավարձերի բարձրացմանը, ընդ որում, ոչ միայն այն անձանց, այն ոլորտների, որոնց պարգևավճար են տվել, այլ ամբողջ ժողովրդի աշխատավարձերը բարձրանան:

«Կարելի է գտնել ճանապարհը՝ ոնց մարդկանց աշխատավարձերը բարձրացնել»,- նշեց նա։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ թեև կոռուպցիայի դեմ պայքարից այդքան շատ են խոսում, բայց կարծում է, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, նմանատիպ հազարավոր մարդկանց պատժելը կոռուպցիայի դեմ պայքար չէ։  

«Իսկական կոռուպցիոներներին պետք է դատեն, որոնք այս երկիրն ամբողջությամբ օֆշորներում գրանցել ու թալանում են: Հիմա եթե դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, հարցնեք՝ ով էս երկիրը թալանեց, ձեզ մի քանի անուն կասեն: Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետևից: Այ դրանցից սկսեք: Նայեք, թե ամբողջ ընդերքն ում ձեռքին է, այդ ռազմավարական նշանակություն ունեցող, շահույթ հետապնդող կառույցները: Ովքեր են դրանց տերերը, չեմ ասում այդ մարդկանց բանտարկեն, վերցնեն դարձնեն պետական  սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն: Ուրիշ բան չկա էս երկրում անելու»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Պատգամավորը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետի Վրաստանում արած հայտարարությանը,՝ կապված իր կադրային քաղաքականության հետ, մասնավորապես, նշել էր, թե անգամ Հիսուսն է սխալվում, ասաց. «Մեր եկեղեցին, հոգևորականները պետք է խորհուրդ տան, բացատրական աշխատանքներ տան, չեմ ընդունում, որ Տիրոջ հետ համեմատականներ են տանում: Հոգևորից բոլորին էլ կարելի է խորհուրդ տալ, որովհետև դա խորհուրդ խորին է: Պատարագը որ սկսում է, ասում են՝ խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ, որ զարդարեցեր վերին պետությունը: Խորհուրդը այնքան խորն է, որ բոլորս էլ տեղ ունենք սովորելու»:

Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հայտարարությանը՝ պետական համակարգում դավաճանների մասին, Վարդան Ղուկասյանը նշեց, որ ժամանակին նման մարդկանց գնդակահարում էին, ցմահ ազատազրկման էին դատապարտում. «Հիմա եթե այդպիսի մարդիկ կան, պետք է պատժեն»:


  • Կիսվել: