երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են Սևանա լճի խնդիրները

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են Սևանա լճի խնդիրները

Փետրվարի 25-ին ընդունեցի «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդականին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 
 
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Գեղարքունիքի մարզում առկա մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով:
 
Խոսվեց Գեղարքունիքի մարզի համայնքներով անցնող և Սևանա լիճ թափվող գետերի աղտոտվածության ներկայիս վիճակի մասին և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ ուժերով բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ՝ գետերը աղտոտվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:
 
Քննարկման ընթացքում խոսք եղավ համայնքների վարչական տարածքներից հողի բերրի շերտի դուրսբերման և այլ օգտակար հանածոների անօրինական շահագործման մասին: Նպատակահարմար համարվեց համատեղ ուժերով վերահսկողություն իրականացնել հանքերի օրինական շահագործման և հողատարածքների բերրի շերտերի պահպանության և օգտագործման ուղղությամբ:
 
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աղբավայրերի շահագործմանը: Այս թեմայի շրջանակներում առաջարկվեց առաջիկա ամիսների ընթացքում անցկացնել մազային շաբաթօրյակներ, հետևողական լինել, որպեսզի համայնքները պարբերաբար իրականացնեն աղբահանություն և աղբավայրերը շահագործեն օրենքով սահմանված կարգով:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շաբաթօրյակների ընթացքում ծառատունկեր իրականացնելու մասին:
 
Խոսվեց նաև Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու մասին»,- գրել է մարզպետը:

  • Կիսվել: