Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս տարի բուհը ճանապարհել է 966 շրջանավարտի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Ռուս-Հայկական համալսարանը կարևոր առաքելություն է իրականացնում՝ Հայաստան բերելով բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության միջազգային լավագույն փորձը, որից օգտվելու հնարավորությունը մեծ արժեք է մեր երիտասարդների, մեր գիտակրթական համակարգի և, ընդհանրապես, պետության համար»,- ողջույնի խոսքում ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ ու մասնագիտական նոր նվաճումներ:
Ընդգծելով, որ Ռուս-Հայկական համալսարանը գիտակրթական կարևոր հարթակ է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ որպես երկու պետությունների համագործակցության առանցքային հանգույց, նախարարի տեղակալը նշել է, որ նախընթաց տարում վավերացվել է Ռուս-Հայկական համալսարանի գործունեության միջպետական նոր համաձայնագիրը, որը նախանշում է բուհի հետագա զարգացումը։
Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները բուհում ստացած գիտելիքներով ու կարողություններով ներդրում են ունենալու մեր պետության զարգացման, գիտական, տնտեսական և հասարակական առաջընթացում։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:



