երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու. Արծվիկ Մինասյանն` իշխանությանը

Գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու. Արծվիկ Մինասյանն` իշխանությանը

 Բաքվի գործողությունները դեռևս արժանի գնահատական չեն ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․

«Սրա հիմնական պատճառներն ակնհայտ են` թե՛ ՀՀ իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությունն է, թե՛ նաև  աշխարհաքաղաքական գործոնը, դրան գումարած` նաև միջազգային խաղացողների նկատմամբ ոչ ճիշտ վարքագիծը՝ Հայաստանի կողմից»։

Ըստ Մինասյանի՝ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները 20 տարուց ավելի անընդհատ հիմնվել են այն հիմնարար սկզբունքի վրա, որ ցանկացած  իրավիճակում չի կարող հարցի լուծումը լինել ուժի կամ դրա սպառնալիքի գործադրմամբ, բայց հիմա աչք են փակում  ադրբեջանա-թուրքական հանցավոր վարքագծի վրա:

«Աչք փակելով հանդերձ` նրանք տեսնում են նաև Հայաստանի կրավորական  կեցվածքը, ավելին՝ վերջին հայտարարություններով, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները, կարծեք թե, միջազգային լեգիտիմացման են տանում այս այլանդակությունը, որ կիրառում է Ադրբեջանի հանցավոր իշխանությունը», - ընդգծեց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` միջազգային հանրությունը պետք է անմիջականորեն ներգրավվի միջազգային մակարդակով ադրբեջանական հանցագործությունը դատապարտելու ու դրա  հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Իսկ հետևանքները վերացնելն անմիջապես ապաշրջափակումն է, բոլոր իրավունքների վերականգնումը, և այլն: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի գնում այդ բանին, որովհետև, իմ խորին համոզմամբ, իշխանությունը միայն իշանությունը պահելու համար իրականացնում է իրավիճակային քայլեր, ընդհուպ ազգադավ քաղաքականություն»,- նշեց նա:

Մինասյանն ասաց, թե  երբ  իշխանությունն ավարտվեց,  գալու է պատասխան տալու ժամանակը, իսկ պատասխանը դաժան է լինելու: «Պատասխանատվության ամենախիստ դրսևորմանն են արժանի այս իշխանությունները», - հավելեց նա:

Ըստ նրա` այս իշխանությունն ի վիճակի չէ անգամ նվազագույն անվտանգություն ապահովել հայ ժողովրդի համար, ուր մնաց խաղաղություն բերի:

«Հակառակը՝ տեսնում ենք հայակործան ծրագրեր ու շարունակվող հայաջլատման քաղաքականություն», - նշեց Մինասյանը:

  • Կիսվել: