չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է խնդիրն այլ ձևաչափով բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմին այնքան էլ ցանկալի չէ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է խնդիրն այլ ձևաչափով բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմին այնքան էլ ցանկալի չէ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց խնդիրն այլ ձևաչափով բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմին այնքան էլ ցանկալի չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ասում են՝ ադրբեջանցիները երեք կամ հինգ կմ են առաջացել։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, ընդամենը մեկ դիրք է՝ բարձունք։

«Ընդ որում, չպահպանվող բարձունք էր, այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան։ Մեր սահմանային խնդիրները հստակեցված չեն, դա տևական պրոցես է, մինչև պետական սահմանի հարցերը ինչ-որ պայմանագրով վերջնական կլուծվեն։  Հիմա գնում են այդ հստակեցումներն ու ճշտումները, բայց մենք այսպիսի գործողություններով կարող է հասնենք նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք»,- հավելեց Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ հենց հիմա Սյունիքի այդ միջադեպի տարածքում է գտնվում ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը։ «Բանակցությունների փուլում ենք, և ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- նշեց նա։

Ըստ Քոչարյանի՝ Սյունիքում դիրքային խնդիր է եղել, որը հետևյալ իրողության հետ էր կապված։ «Ադրբեջանցիները 1974 թվականի քարտեզը ձեռքներին եկել ու ինչ-որ բարձունքի վրա ասում են՝ սա մերն է։ Գուցե հաշվի են առնում, թե մենք ոնց ենք Զանգեզուրը անընդհատ շահարկում, ասում են՝ փորձենք, մի հատ դիրք վերցնենք։ Բայց այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ զինվորական գործողության դեպքում իրենք նստած դիրքում կհայտնվեն շրջափակման մեջ։ Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, քանի որ Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի ու պայմանագրերի միջոցով։ Հիմա դուք կասեք՝ ՀԱՊԿ, ես չեմ ուզում շրջանառել տվյալ պայմանագրերը, բայց այդ հարցը հիմա առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, իր մեջ, համոզված եմ, ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում։ Լարվածություն  է առաջացնելու նաև Ռուսաստանի ներգրավվածությանը մեր անվտանգային համակարգում և հրադադարի ռեժիմի պահպանության հարցում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 
 
 

  • Կիսվել: