Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ. Ժան-Նոել Բարո
Ֆրանսիան կշարունակի գործել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ լինի խաղաղության եվրոպական գործիքի տրամադրման, վիզաների ազատականացման, թե ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին աջակցելու շրջանակում։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Ֆրանսիան միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ապահովելով այնպիսի հարաբերություններ, որոնք գնալով կլինեն ավելի ու ավելի կառուցողական։ Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներում, որովհետև Եվրամիությանն անդամակցելը մի բան չէ, որ դու անում ես փողի համար։ Դու դա անում ես, որովհետև ժողովրդավարություն և ազատություն ես տենչում։ Երբ դու Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ես, ի՞նչն է ամենաբարդը. դա ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական ձեռքբերումների մասին է։ Ամենաբարդ մասը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության, ազատության, մամուլի ազատության, անկախ դատական համակարգի տեսանկյունից։ Այսպիսով՝ Հայաստանը մենակ չէ այն երկրների մեջ, որոնք նայում են Եվրամիությանը որպես ժողովրդավարության երաշխիք, որպես առաջ շարժվելու ազատության երաշխիք:
Ես նաև ողջունում եմ «Երևանյան երկխոսության» կազմակերպումը, որին ինքս մասնակցելու պատիվ ունեմ։ Դա նմանօրինակ երկրորդ համաժողովն է և արդեն դառնում է կարևորագույն հարթակ որոշում կայացնողների, հետազոտողների և այլոց համար»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Եվրամիության պատասխանատվության տիրույթում է թեկնածու երկրների հետ աշխատելը, որպեսզի այդ երկրների հասարակությունների համար ընկալելի լինեն այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն մինչև ԵՄ-ին անդամակցությանը հասնելը։
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությամբ է Եվրամիությունը Հայաստանին աջակցել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և այդ տրամադրվածությամբ է երկրի հետ սկսել երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ։