երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԵԺԿ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԺԿ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչով դիմել է Թուրքիային՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ հայտարարության մեջ։

՛՛Մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության եւ հայ ժողովրդի ազգային Մեծ տեղահանության ճանաչումն ու դատապարտումը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ ԵԺԿ-ն միանում եւ վճռականորեն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարը շարունակելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությանը։

՛՛Մենք կոչ ենք անում Թուրքիային անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունների կատարման համար եւ առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ հարգելով մարդկության դեմ այս նողկալի ոճրագործության զոհերի հիշատակը։

Մենք համոզված ենք, որ նման քայլը կնպաստի երկարաժամկետ խաղաղությանը, կայունությանը եւ մարդու իրավունքներին ողջ տարածաշրջանում՛՛,-ասված է ԵԺԿ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: