ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում:

«Հարգելի’ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետեւանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետեւանքներ ունեցավ շատ երկրների համար:

Աշխարհակարգի փոխակերպման այս գործընթացը սկսվել է ուկրաինական պատերազմից երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկու տարի անց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ` տասնամսյա շրջափակումից հետո: Ակնհայտորեն, այս ագրեսիայի նպատակն էր հայերի էթնիկ զտումը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 100.600 մարդ ստիպված եղան լքել իրենց տները եւ ապաստան փնտրել Հայաստանում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը եւ եղբայները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են. նախաձեռնվել են մի շարք աջակցման ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Ես ձեր ուշադրություն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ այժմ չի համաձայնում մասնակցել Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին:

Այս տարի` հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Արբեջանի նախագահ Ալիեւի մասնակցությամբ նախատեսվում էր հնգակողմ հայտարարության տեքստի ստորագրում: Փաստաթուղթն անդրադառնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նախկինում նշված է եղել նախագահ Շառլ Միշելի` 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում: Փաստաթղթի հաջորդ սկզբունքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումն է, որը պետք է հիմնված լինի կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա: Հաջորդ սկզբունքը, որն ամրագրվել է նաեւ Գրանադայի հայտարարության մեջ, վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված: Այս բանակցություններից խուսափումը մեզ չափազանց մտահոգում է եւ հղի է վտանգներով, ինչպիսին է ՀՀ վրա հարձակման ռիսկը:

Հարգելի’ գործընկերներ, չնայած հատկապես բարդ եւ լարված միջազգային համատեքստին, եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա»,- նշել է պատգամավորը:

 

  • Կիսվել: