հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը չպետք է  լսեիք, ինչո՞ւ էինք հարցնում. Թովմասյանը՝ Հովակիմյանին

Եթե Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը չպետք է  լսեիք, ինչո՞ւ էինք հարցնում. Թովմասյանը՝ Հովակիմյանին

Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի 82-րդ կետում նշում է՝ ափսոսանք է հայտնում, որ ՀՀ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և  չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այդ դեպքում ինչու էինք սպասում Վենետիկի հանձնաժողովի արձագանքին: Նաև  հրապարակվեց, որ Վենետիկի հանձնաժողովը պարտադիր է համարում անպայման դիմել Սահմանադրական դատարան, այս փոփոխության սահմանադրականության հարցը որոշելու համար: Այս մասով ի՞նչ ենք անելու, ինչ է սպասվում այս նախագծին»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նաև նշեց՝ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վաթարացնող օրենքնեն ու իրավական այլ ակտեր հետադարձ ուժ չեն կարող ունենալ, հետևաբար ինչպե՞ս են կարողանալու լուծել ՍԴ դատավորների հարցը:

 Նա նաև բարձրացրեց ՍԴ-ում քվորումի հարցը, քանի որ, ըստ այս, նախագծի ՍԴ երեք անդամների լիազորություններ դադարեցվում են:

Վահագն Հովակիմյանը նախ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին՝ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

«Ըստ էության, այս երկար ձգված համագործակցությունը շատ արդյունավետ է եղել և Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, այն փոփոխությունը, որ դրված է այս փոփոխության հիմքում, որ պետք է ՍԴ անդամ դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, Վենետիկի հանձնաժողովը այս մոտեցումը ողջունել է: Այսինքն՝ այն հիմնական առանցքը, որ կա այս նախագծում, այդ առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ կա փոխըմբռնում և կոնսենսուս։ Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացմանը, ապա այս դեպքում, մենք, կներենք, շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, ուղղակի այստեղ որոշակի նրբություններ կան և մենք կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը տվյալ դեպքում նախընտրելի ենք համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Թագուհի Թովմասյանը մեկ այլ դիտարկում արեց. «Եթե Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է ու ընդամենը խորհուրդ է տալիս, եթե չպիտի լսեիք խորհուրդը, ինչո՞ւ էինք հարցնում»:

Ի պատասխան Հովակիմյանն ասաց․«Իրականում հենց էդ կարծիքով ենք առաջնորդվում։ Եթե դուք համեմատեք հանրաքվեի դրված նախագիծը և այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացված նախագիծը,  կտեսնեք, որ էական տարբերություն կա: Այսինքն՝ մենք հենց Վենետիկի խորհրդատվական կարծիքը հաշվի առնելով այս նախաձեռնությունն ենք ներկայացրել»:

Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ հիմա նախագիծը քննարկում են առաջին ընթերցմամբ, մինչդեռ ՍԴ դիմելու հարցին պետք է անդրադառնան երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ:

«Ինչ վերաբերում է 73-րդ հոդվածին, այստեղ հետադարձության խնդիր գոյություն չունի: Իսկ ՍԴ-ն քվորումի հետ կապված  չի ունենալու, որովհետև 3 անդամի լիազորություններն են դադարելու, 6-ը մնալու են»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: