«Եթե վարչապետը անհրաժեշտ համարի, ՔՊ վարչության հետ կխորհրդակցի». Վահագն Ալեքսանյանը՝ նոր նշանակումների մասին
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է, Նիկոլ Փաշինյանին և կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, և առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը իր գնահատականը կտա բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև մեզ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դժգոհություններ կան նաև Նիկոլ Փաշինյանից, հնարավո՞ր է այդ դժգոհություններն այնքան գեներացվեն, որ ինքն էլ հրաժարական տա:
«Մենք բնականաբար խոստացել ենք Հայաստանում արդարադատություն հաստատել, և այդ ճանապարհը որքան էլ որ դժվար, բայց մեր համոզմամբ հնարավոր է և հասանելի է, և մենք ամեն ինչ պիտի անենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հրաժարականներից հետո այդ պաշտոններում նոր նշանակումներին, Կոնջորյանն ասաց, որ այդ հարցը լուծման համար կան համապատասխան ֆորմատներ՝ ՔՊ վարչության ֆորմատը, վարչապետի որոշման ֆորմատը:
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց. «Նշանակումների մասին արդեն վարչապետը ինքը կկայացնի որոշումներ: Եթե վարչապետը դրա անհրաժեշտությունը գտնի, կխորհրդակցի նաև վարչության հետ, եթե չգտնի նմանատիպ անհրաժեշտություն, ապա ինքը կկայացնի որոշումներ, ինչպես որ կայացրել է նաև պաշտոնանկությունների մասին որոշումները»: