շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ ասեին՝ կանգ առ, այսօր ողբերգության առջև չէինք կանգնի. Սարգսյան

Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ ասեին՝ կանգ առ, այսօր ողբերգության առջև չէինք կանգնի. Սարգսյան

Այսօր Մասիսում ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Արթուր Վանեցյանին անձամբ չի ճանաչել, բայց հեռակա ծանոթ է եղել նրա կենսագրությանը:

՛՛Անկեղծորեն ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում օպերլիազոր Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսևորել է տղամարդու պես՛՛,-նշեց Սարգսյանը:

Խոսեով այն մասին, թե ինչու է ՀՀԿ-ն կոալիցիա կազմել ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ՝ Սարգսյանն ասաց. ՛՛Ինչու՞ չպիտի կազմեինք կոալիցիա Վանեցյանի հետ, որովհետև նա աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ։ Իմ կարծիքով՝ Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն այս երկրում։ Ուրիշների պես ինքն էլ է խաբված եղել, մտածել է՝ հիմա գնացին, կառավարություն կազմեցին, միանգամից Հայաստանը դարձնելու են դրախտ։ Բայց մարդը գնաց, աշխատեց մի տարուց մի քիչ ավել, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել ու առաջինը ընդվզեց։ Ես կարծում եմ, որ դա արժանիք է։ Մարդը հասկացել է ու հրապարակավ ասել՝ կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման։ Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ ասեին՝ կանգ առ, մենք էսօր էս ողբերգության առջև չէինք կանգնի՛՛:

Սարգսյանը հավելեց նաև, որ իրեն հաճելի է աշխատել Վանեցյանի հետ, հատկապես երբ շատ հարցերում մտածում են նույն կերպ:

  • Կիսվել: