ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե շատ փորփրենք, հնարավոր է ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն․ Փաշինյանը՝ Անի Սամսոնյանին

Եթե շատ փորփրենք, հնարավոր է ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն․ Փաշինյանը՝ Անի Սամսոնյանին

Հայաստանը շատ փոքր երկիր է, և եթե շատ փորփրենք, հնարավոր է ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն, և ես կհանձնարարեմ անպայման այդ հարցը գտնեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին։

Պատգամավորը խորհրդարանում նշեց, որ երկրում շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց դրանցից որոշներն ընդհատվել են, քանի որ ընկերությունները ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքներ։

Սամսոնյանը նշեց, որ այդպիսի փաստաթուղթ է ներկայացրել նաև ընկերություններից մեկը, որի տնօրենը Իջևանի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ բարեկամական կապեր ունի։ Իսկ Ղալումյանը վարչապետի մտերիմն է։ Սամսոնյանը հետաքրքրվեց՝ քրեական գործ այս հարցով հարուցվել է, թե ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքը բացահայտել է վարչապետին ենթակա մարմինը՝ Պետական վերահսկողական ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չունի, որ գործն արժանի քննության կարժանանա։

«Ես շատ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով միմյանց կապված չեն։ Եթե դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին։ Յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանում պետք է պատկերացում կազմի Կառավարության հնարավոր գործունեության մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: