հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե սահմանազատումն արվում է ըստ ԽՍՀՄ քարտեզի, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին. Վանեցյան

Եթե սահմանազատումն արվում է ըստ ԽՍՀՄ քարտեզի, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին. Վանեցյան

Եթե սահմանազատումը և նոր սահմանների ընդգծումը լինի ըստ ԽՍՀՄ քարտեզի, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին։ Այս մասին այսօր Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։ Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև Սովետական միության ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո՝ եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով, տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։ Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ՛՛։

Վանեցյանը հավելեց, որ եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում նրան Արարատի կամ Տավուշի մարզում վարվել նույն կերպ։ ՛՛Մեր իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Գալիս են, մտնում են, ասում են՝ մերն է, և մենք սկսում ենք հարմարվել՛՛,-ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝  պատերազմի սկզբի, ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետք է անցկացնվի նախաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները։

  • Կիսվել: