հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եթե Փաշինյանը կարողանա Օնիկ Գասպարյանին հանել, բանակը պիտի ոտքի կանգնի. Մանուկյան

Եթե Փաշինյանը կարողանա Օնիկ Գասպարյանին հանել, բանակը պիտի ոտքի կանգնի. Մանուկյան

Այս մի քանի օրը ամենավճռականն է մեր շարժման մեջ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ  ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ եւ բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանց ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ: Հիմա կատարվում է երկրորդ քայլը: Այն տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետեւ բանակն ինքնուրույն է:

Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, ասաց՝ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետեւ ինքը պարտվեց:

Իսկ եթե հաղթի, կարողանա ինչ-որ ձեւով հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի՛՛:

Մանուկյանը նշեց, որ  այդ ժամանակ Հայաստանի համար կսկսվեն ամենավճռական օրերը:

՛՛Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք: Այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը՛՛,-ընդգծեց նա:

Ըստ Մանուկյանի՝ երկրորդ դեպքում իրենց ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: ՛՛Դրա համար պետք է ամուր կանգնել, լինել համբերատար եւ պատրաստվել վճռական գործողությունների՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: