ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա. «Ժառանգություն»

Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով այսօր ԱԺ նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին․ 

««Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այսօր՝ մայիսի 8-ին, մեր մեծ հաղթանակների օրը, ՀՀ ԱԺ նիստում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը, որի ընթացքում քննադատական խոսք հնչեցնող պատգամավորի հասցեին հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ և որակումներ, որից հետո հավասարակշռությունը կորցրած ՀՀ պատգամավորներն հախուռն անցան ձեռնամարտի:

Ցավով ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ ամբիոնից մեծամասնության գնահատականին հակադրվող յուրաքանչյուր դիրքորոշում արժանանում է կոշտ մերժման, ընդ սմին՝ քաղաքական ընդդիմախոսներին հակափաստարկներով տարհամոզելու փոխարեն գործի են դրվում անձնական վիրավորանքները և փողոցին հարիր պիտակավորումները: Տասնամյակներով ցավալիորեն ծանոթ այս վարքագծի հետքերը վաղուց են ի հայտ եկել, չարժանանալով պատշաճ գնահատականի՝ այսօր դրանք դարձել են գերիշխող՝ փորձելով ճնշել այլակարծությունը և ազատ խոսքի իրավունքը:

Իբրև խորհրդարանական աշխատանքի հարուստ փորձ ունեցող կուսակցություն, որը նախորդ վարչակազմի իշխանության օրոք միշտ եղել է գաղափարական փոքրամասնություն և արժանացել հարվածների իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով՝ «Ժառանգությունը» նշում է, որ հեղափոխության արդար ալիքի շնորհիվ իշխանության եկած ուժը՝ հանձինս վարչապետի, ԱԺ բարձրագույն ղեկավարության, «Իմ քայլը» խմբակցության, պետք է կրի կատարվածի ողջ պատասխանատվությունը, անհապաղ քաղաքական և պետական գնահատական տա՝ այսուհետ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ նման կերպ վարվելու փորձերն իսկ: 

Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա: Հապաղել չի կարելի, նախկինների վարքագիծը քայլ առ քայլ վերականգնվում է», - ասված է կուսակցության հայտարարության մեջ: 

  • Կիսվել: