ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե հարկ լինի, Ռուսաստանը կփրկի Հայաստանը միջուկային հարվածով. Ռուս ռազմական փորձագետ

Եթե հարկ լինի, Ռուսաստանը կփրկի Հայաստանը միջուկային հարվածով. Ռուս ռազմական փորձագետ

Զորավարժությունների պատրվակով թուրքական բանակի մուտքը Ադրբեջան Անդրկովկասում իրավիճակի լուրջ էսկալացիա է, ասում է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Թուրքիան փաստացի զորքեր է մտցրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք. դա Ադրբեջանի էքսկլավն է, որը երկրի հիմնական տարածքից տարանջատում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը։ Պաշտոնապես դա արվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների պատրվակով, որը սկսվել է հուլիսի 29-ին ։

Սակայն հաշվի առնելով, որ այդ զորավարժությունները ընթանում են հայ-ադրբեջանական հակամարտության սրացումից անմիջապես հետո, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավանդաբար պաշտպանում է Ադրբեջանը, իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որի հիմնական օղակը Ռուսաստանն է, արդեն իսկ հնչում են մտավախություններ, որ այս ամենը կարող է ավարտվել հերթական, այս անգամ շատ ավելի ընդգրկուն բախումներով։

Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը "Ռոսբալտ" - ի  հետ զրույցում չի բացառել ՆԱՏՕ-ի նման պատերազմի մեջ ներքաշվելու հնարավորությունը հետագա աղետալի զարգացումներով: «Եվ Էրդողանը, և նրա պաշտպանության նախարարը խոսում են այն մասին, որ միշտ պատրաստ են կռվել Ադրբեջանի կողմից։ Այստեղ առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում ՝ Նախիջեւանի կարգավիճակին վերաբերող»,- նշում է վերլուծաբանը` ընդգծելով, որ եթե իրադարձությունները նման զարգացում ունենան, այդ դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանը Թուրքիայից: Հենց այդ նապատակով է տեղակայված ռուսական բազան Գյումրիում:

Միևնույն ժամանակ վերլուծաբանը գտնում է, որ նման իրավիճակներում չարժի հույս դնել ՀԱՊԿ-ի վրա, քանզի այն «ֆիկցիա է», որովհետև ոչ Ղրղզստանը, ոչ Ղազախստանը, ոչ Տաջիկստանը կամ Բելառուսը, որոնք մտնում են այդ կազմակերպության մեջ, ոչ մի պարագայում չեն կռվի Հարավային Կովկասում: «Բելառուսի Սահմանադրությունը, օրինակ, արգելում է այդ երկրի բանակին պատերազմել իր տարածքից դուրս: ՀԱՊԿ-ում գտնվող միջինասիական  հանրապետությունները նույնպես չեն պատրաստվում պատերազմել Հարավային Կովկասում։ Այլ կերպ ասած ՝ այդ գործը վերաբերում է միայն Հայաստանին և Ռուսաստանին, իսկ ՀԱՊԿ մյուս մասնակիցները հիմնականում բարոյական աջակցություն կցուցաբերեն»,- վստահեցնում է վերլուծաբանը։

Ընդ որում, նշում է նա «Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը այնքան էլ ռուսական չեն ՝ դրանք կազմով 90 տոկոսով հայկական են»։

Միևնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ սահմանին տեղակայված թուրքական երրորդ բանակին էֆեկտիվ դիմակայելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ռուսական բազան Հայաստանում, ինչը սակայն այնքան էլ հեշտ չէ, քանզի այդ դեպքում պետք է անցնել Վրաստանի տարածքով։ Իսկ վրացիները կարող են թույլ չտալ դա: «Կարելի է, իհարկե, օդային ուժեղացում իրականացնել։ Սակայն օդային ճանապարհով տանկային և մոտոհրաձգային բրիգադները դժվար է տեղափոխել։ Բացի այդ, թուրքերն էլ շատ հզոր ժամանակակից ավիացիա ունենԹ,- նշում է փորձագետը։

Սակայն Հարավային Կովկասում Թուրքիային էֆեկտիվ դիմակայելու համար Ռուսաստանը կարող է դիմել միջուկային զսպման ուժերին ՝ իր պաշտպանական դոկտրինին համապատասխան։ «Օրինակ ՝ կարող է ցուցադրական հարված հասցնել լեռնային տեղանքին կամ Անատոլիայի որևէ բազայի ՝ ցույց տալու համար, որ մենք դրան պատրաստ ենք։ Բայց, մյուս կողմից, դա արդեն պատերազմ կլինի ողջ ՆԱՏՕ-ի հետ։ Իրավիճակը բավական լուրջ է, և այն կարող է ավելի սրվել։ Այդ զորավարժություններին մասնակցելու համար թուրքական զորքերի կողմից թուրք-ադրբեջանական սահմանի անցումը շատ լուրջ էսկալացիա է, որը վատագույն տարբերակով կարող է բավականին սեղմ ժամկետներում հանգեցնել միջուկային պատերազմի։ Ի դեպ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ տեղի չունենա, ապա Թուրքիան չի միջամտի»,- եզրափակում է վերլուծաբանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: