ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հիստերիկան եւ ոչ ադեկվատ ռեակցիաները աստիճանաբար տարածում են գտնում նրա կառավարման տարբեր օղակներում: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է լրագրողական հարցումներին ագրեսիվ արձագանքում:

Նախ հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, եւ դիմադրություն ցույց չէր տալիս։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու`

արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից

ի՞նչ պայմանագիր է կնքվել ՍՊ ընկերության եւ ՀՖՖ-ի միջեւ ծառայությունների մատուցման համար, եւ որքա՞ն է կազմել մատուցված ծառայությունների արժեքը

խնդրում ենք տրամադրել պայմանագրի օրինակը։

Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից:

«ՀՖՖ հաստիքացուցակում առկա չէ «անվտանգության պետ», հաստիք/պաշտոն, ուստի նշվածի կապակցությամբ խնդրում ենք այսուհետեւ զերծ մնալ ապատեղեկատվութուն տարածելուց»։

ՀՖՖ-ում լավ չեն հասկացել թերեւս, որ այդ տեղեկությունը վաղուց է տարածվել. տարածել է «Առաջին հայկական ճակատը»: Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հարցմամբ փորձում էր ճշգրտումներ անել թեմայի վերաբերյալ, որի առիթով ստացել է անադեկվատ, հիստերիկ պատասխան:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ՀՖՖ-ից ընդհանրապես չեն պատասխանել դրանց. սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատու վարքագիծ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Հիշեցնենք, որ նույն աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ երիտասարդին ծեծի ենթարկած Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այդ ընկերության հետ, որի մասին ֆեդերացիան «Ժողովուրդ» օրաթերթին կասկածելի կերպով որեւէ տեղեկություն չի տրամադրում: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հսկայական գումարներ են նման եղանակով ծախսվում, որի մասին՝ առաջիկայում»։

  • Կիսվել: