ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրիրը Վրաստանի և Հայաստանի փոխգործակցության նվաճումն է

Ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրիրը Վրաստանի և Հայաստանի փոխգործակցության նվաճումն է

Վրաստանի անկախության տոնի առթիվ ՀՀ-ում այդ երկրի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց նաև Հայաստանում վրացական մշակույթի օրերի մեկնարկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր ելույթում նշեց, որ վրացիների և հայերի միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթն աննախադեպ օրինակ է համաշխարհային պատմության մեջ։ Դեսպանի խոսքով՝ ականավոր հայ հասարակական գործիչներ՝ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ Նովան, Շամչի Մելկոն, Խաչատուր Աբովյանը, Ավետիք Իսահակյանը և, իհարկե, Հովհաննես Թումանյանն առանձնահատուկ սեր են տածել Վրաստանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանը՝ վրացական գրականության շատ դասականների նկատմամբ։

Նա հատկապես նշեց, որ Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար և հույս հայտնեց, որ ՖԻՖԱ-ն կբավարարի այդ հայտը։

«Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն այժմ կարող են սահմանը հատել առանց անձնագրի, միայն նույնականացման քարտերով, ինչը ավելի է ամրապնդում և խորացնում վրացիների և հայերի միջև համագործակցությունն ու բարեկամությունը։ Այս տարի Երևանում հունիսի 5-ից 7-ն անցկացվում են Մշակույթի օրեր, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն Վրաստանում։ Հուսով ենք, որ բոլորը կվայելեն վրացական գինին, խոհանոցը և ազգային պարերն այստեղ՝ Երևանում, քաղաքի սրտում։ Ազգային զբոսաշրջության վարչության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստան է այցելել 948,299 ՀՀ քաղաքացի, ինչը կազմում է ժամանողների ընդհանուր թվի 12.7%-ը: 2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 854 միլիոն դոլարը»,- ասաց Շարվաշիձեն։

Դիվանագետը հավելեց, որ երկու երկրների միջև օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնպես աճել են, մասնավորապես՝ Վրաստանի բանկի կողմից Հայաստանի ամենամեծ բանկի՝ Ամերիաբանկի 100 տոկոսի գնումը, որի արժեքը գերազանցել է 300 միլիոն դոլարը, ինչը կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական համագործակցությունը։

«Վերջին տարիներին նույնպես շարունակվում է երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ այցելությունների անցկացման պրակտիկան։ Տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի երկու աշխատանքային այց Վրաստան և Վրաստանի վարչապետի պաշտոնական այց Հայաստան։ Աշխատանքային այցով Վրաստան է ժամանել նաև Հայաստանի խորհրդարանի նախագահը։ Երկու երկրները պարբերաբար անցկացնում են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստեր, արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ և խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստեր, որոնք հիմք են դրել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը վերը նշված բոլոր ոլորտներում։ Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը պետք է համարել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման գլխավոր նվաճումը, որը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է որակապես այլ մակարդակի»,- ասաց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Շարվաշիձեն հիշեցրեց, որ հունիսի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը կրկին աջակցեց «Աբխազիայից Վրաստան և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիայից Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։ Հայաստանն առաջինն էր, որ աջակցեց այդ բանաձևին, ինչի համար դիվանագետը հայկական կողմին Վրաստանի անունից հայտնեց իր խորին երախտագիտությունը։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221545

  • Կիսվել: