կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե եղել են գործողություններ, որոնք հակասում են ՀՀ որոշումներին, ապա համարժեք պատասխան պետք է ստանան. Կոստանյանը՝ ԵՄ դիտորդներին Ներքին Հանդի տարածք չթողնելու մասին

Եթե եղել են գործողություններ, որոնք հակասում են ՀՀ որոշումներին, ապա համարժեք պատասխան պետք է ստանան. Կոստանյանը՝ ԵՄ դիտորդներին Ներքին Հանդի տարածք չթողնելու մասին

Հայաստանի ԱԳ նախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական ԱԴԾ ուժերի կողմից ԵՄ դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Հանդի հատված մուտք գործել թույլ չտալուն:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավունք ունեն ռուսները Հայաստանի ինքնիշխան տարածքում որոշումներ կայացնել՝ ում թողնել այս կամ այն տարածք, ում՝ չթողնել՝ նա ասել է. «Կառավարության անունից կարող եմ ասել, որ որոշումները պետք է կայացվեն Հայաստանի կառավարության կողմից, նաեւ համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ եթե եղել են գործողություններ, որոնք դրան հակասում են, ապա համարժեք պատասխան պետք է ստանան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ իրենց առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում:

Հարցին, թե որն է ԵՄ դիտորդներին Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը, նա պատասխանել էր. «Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։

Նշենք նաև, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր՝ ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դադարեցնել միջադեպը եւ հայկական կողմը չորս զոհ է տվել: Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել

  • Կիսվել: