երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան

Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. Սիմոնյան

Ադրբեջանի մոտ չի ստացվելու ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնել, ՀՀ-ն դա թույլ չի տա. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս հարցում Երևանն օգտագործում է բոլոր միջազգային լծակները: Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է խաղաղության համաձայնագիրը, և արդյոք այնտեղ ներառված դրույթները կիրագործվե՞ն, Սիմոնյանը շեշտել է, որ դրա համար միջազգային երաշխավոր և երաշխիքներ են անհրաժեշտ:

«Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և՛ առաջարկները, և՛ քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, և այդ փոփոխությունները մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, ես լիահույս եմ, որ էս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որով մերժել էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի պահանջը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այդ հայտարարությունը, կարծում եմ, հենց իրենց՝ ադրբեջանական կողմին է վնաս տալիս, որովհետև նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում. դա իրականությունից փախնել է, դա հարցի լուծում չի լինի, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն: Վստահ եմ՝ ինչ-որ փուլի իրենք դրան կգան, նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլ հետքայլերի համար է. իմ տպավորությունը և իմ կարծիքն է»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Բաքուն համաձայնելո՞ւ է միջազգային մեխանիզմի ստեղծմանը, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Մեր համար հայության իրավունքների մասով կարևորագույն հարց է, այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել. այն, ինչ մենք հայտարարել ենք, հետամուտ ենք լինելու այդ հայտարարություններին»,- նշեց նա:

Ալեն Սիմոնյանը դժվարացավ ասել՝ մեխանիզմները կներառվե՞ն խաղաղության պայմանագրի մեջ, թե՞ առանձին փաստաթուղթ կդառնան:

«Խաղաղության պայմանագրի մեջ, չգիտեմ՝ այդ մասը կներառվի՞, թե՞ դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետև խոսել ենք դրա մասին, կոնկրետ երաշխիքներ են պետք, որովհետև մենք ունենք, օրինակ՝ նոյեմբերի 9-ի պարագայում, որ պայմանները չեն պահպանվում, և երաշխիք որպես այդպիսին հանդիսացող երկիրը գործողություններ չի անում կամ չի կարողանում անել: Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում դա պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ երաշխավոր կհանդիսանա որևէ երկիր կամ մի քանի երկրներ, ուստի ուզում եմ ասել՝ եթե այդ հարցը չքննարկվեց, եթե չներառվեց, եթե հարցի լուծում չեղավ, նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություն կարող է համարվել»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: