երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես Տիխանովսկայային շնորհակալություն եմ հայտնել ՀՀ-ին դրական անդրադարձի համար. ոչ մի ուրիշ բան չենք խոսել. Ալեն Սիմոնյան

Ես Տիխանովսկայային շնորհակալություն եմ հայտնել ՀՀ-ին դրական անդրադարձի համար. ոչ մի ուրիշ բան չենք խոսել. Ալեն Սիմոնյան

Մենք միասին մի միջոցառման ենք մասնակցել, դուրս ենք եկել, ես միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագհ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին լուրերին:

ԱԺ նախագահի խոսքով, Տիխանովսկայան իր ելույթում բավական դրական է արտահայտվել Հայաստանի վերաբերյալ. «Եթե դուք նայեք տիկին Տիխոնովսկայայի ելույթը, եւ ընդհանրապես, պետք է արձանագրեմ, որ այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ-ի եւ ներկա գտնվող մեր  գործընկերների արձանագրումներն ու արձագանքները Հայաստանի վերաբերյալ:

Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ: Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել թե իրեն, թե մնացած  այն գործընկերներին, որոնք դահլիճում Հայաստանի շահերը պաշտպանում էին:

Մենք ոչ մի ուրիշ բանի մասին չենք խոսել: Էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե ինքը իրավասու է ինչ-որ բան քննարկել: Ինքն այնտեղ հրավիրված հյուր էր:

Եթե դա պատճառ է եղել, որ Բելառուսի մեր գործընկերները որոշել են ինչ-որ բան անել, ես այդպես չեմ կարծում: Ես դա անլուրջ եմ համարում: Իմ կարծիքով, դա կապ չունի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում   հանդիպել էր Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային։ Ինչպես բելառուսական լրատվականներից մեկն էր հայտնել, նրանք քննարկել էին Հայաստանում ձերբակալված բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի հարցը։ Նովիկովը, որը Բելառուսի իշխանությունների կողմից հետախուզվում է զորակոչից խուսափելու մեղադրանքով, մի քանի այլ անձանց հետ կալանավորվել է Հայաստանում։ Ըստ բելառուսական լրատվամիջոցի՝ Սիմոնյանը Տիխանովսկայային խոստացել է, որ Հայաստանը կալանավորվածին չի արտահանձնի Բելառուս։

Բացի այդ, լուրեր եղան, որ Բելառուսն արգելել «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը իր տարածքում: Այդ արգելքից հետո վերլուծաբանները, հասարակական քաղաքական գործիչները հիշեցրել են այս հանդիպումը եւ դա անմիջականորեն կապել կատարվողի հետ։

  • Կիսվել: