ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես փոփոխական չեմ, ժամանակն է փոփոխական․ Էդմոն Մարուքյան

Ես փոփոխական չեմ, ժամանակն է փոփոխական․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի հայտարարություններին ավելացնելու բան չունեմ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակ բացելու հանգամանքին, ասաց  հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Իրավիճակը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ խաղաղությունը չի եկել մեր տարածաշրջան, իսկ խաղաղության ուղղությամբ իշխանությունը բանակցություններ է վարում»,- ասաց նա։

Հարցին՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան ի՞նչ հանձնարարություններ ու կոնկրետ որ բնագավառներում է  հանձնարարություններ կատարում, Մարուքյանը ասաց․

«Արտաքին քաղաքական բնագավառում են իմ հանձնարարությունները, իմ կատարած աշխատանքի մեծ մասը հրապարակման ենթակա չէ, հետևաբար ես չեմ կարող դրա մասին խոսել, փիար անել»։

Դիտարկմանը՝  ինչով է պայմանավորված, որ նախկինում այլ հայտարարութուններ էր անում, հիմա՝ այլ, Մարուքյանը նշեց․

«Նախկինում ինչ հայտարարություն, որ արել եմ, վերաբերել է այդ ժամանակահատվածին, այսօր ինչ հայտարարություն անում եմ, վերաբերում է այս ժամանակահատվածին, ես փոփոխական չեմ, ժամանակն է  փոփոխական։ Դուք չեք կարող նշել որևէ սկզբունք, որ ես կամ մեր կուսակցությունը փոխել ենք»։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք իրեն այսօր ասոցացնում են իշխանության հետ, Մարուքյանը նշեց, որ այո․

«Ինձ ասոցացնում են իշխանության  հետ, եղել են դեպքեր, երբ ռեպլիկներ են թողել, բայց դա 100-ից մեկն է եղել։ Ես ինձ համարում եմ արտաքին քաղաքական ճակատի ներկայացուցիչ, ես իմ մասով իմ ներդրումն եմ ունենում երկրի կառուցման գործում։ Բոլոր տարաձայնությունները պետք է  մի կողմ դնել ու բոլորի ներուժը ներդնել Հայաստանն այսօրվա վիճակից դուրս բերելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ ներկա իշխանությունների ժամանակ է Հայաստանն ունեցել ամենաշատ զոհերը, Մարուքյանը ասաց․

«Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ ունեցել ենք զոհեր, սկսած 1991թ-ից մենք պատերազմի մեջ ենք»։

  • Կիսվել: