ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես փիլիսոփայորեն եմ դրան մոտենում. Սինանյանը՝ իրեն Սփյուռքում վատ ընդունելու դեպքի մասին

Ես փիլիսոփայորեն եմ դրան մոտենում. Սինանյանը՝ իրեն Սփյուռքում վատ ընդունելու դեպքի մասին

Ես փիլիսոփայորեն եմ մոտենում ինձ Սփյուռքում վատ ընդունելու դեպքին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից: Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա, մեկը որ զուտ կուսակցական է, կոնկրետ մի կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել եւ շատ վատ հետք է թողել իր հետեւից, նրանց կողմից դա կազմակերպվում, թե ինչու են դա անում, իրենց հարցրեք: Մյուսն էլ՝ մի տեսակ արդեն նոր երեւույթ էր: Մարդիկ էին, որոնք Հայաստան հիմնադրամին տված գումարներն էին պահանջում: Թե ինձնից ինչու էին պահանջում, իրենց ովքեր էին, եւ ինչ գումար եւ ում էին տվել»,- նշեց Սինանյանը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում երբ կա քաղաքական լարվածություն, Սփյուռքում կա մի խավ, որը ենթարկվում է կոնկրետ շարժման կամ ուժի, եւ, ըստ նրա, անհնար է, որ չլինեն մարդիկ, որոնք ինչ-որ ձեւով չուզեն իրենց դժգոհությունն արտահայտել.

«Եթե ես գտնեմ, որ այնտեղ բովանդակային խնդիր կա, որի հետեւից գնալ է պետք, ապա կգնամ: Այս դեպքում, որ մարդիկ եկել ու ասում են՝ փողերս հետ տուր, հետեւաբար բան չկա ինձ համար»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Սփյուռքում պասիվ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններին եւ Հայաստանի անվտանգային հարցերին, եւ հարցին՝ ինչո՞ւ Սփյուռքն ակցիաներ չի կազմակերպում, Սինանյանն ասաց.

«Բոլորը, այդ թվում՝ Սփյուռքում շատ ընկճված են այդ անպաշտպանվածության զգացումից: Ո՞ր նորմալ հայ մարդը կարող է լավ զգալ նրա համար, որ մենք չենք կարողանում Լաչինը ինքներս վերահսկել, այն մարդիկ, որոնք պիտի վերահսկեն, հակառակը չեն վերահսկում եւ հանձնում են ադրբեջանցիներին. իհարկե տրամադրությունները շատ վատ են:

Մենք կողմ ենք ակցիաներին, չենք ուզում խառնվել այլ երկրների քաղաքացիների գործողություններին, բայց եթե իրենք իրենց ցասումն արտահայտում են, ինչպե՞ս կարող ենք մենք դրան դեմ լինել: Մեզ այսօր պետք է ոչ թե դժգոհություն, հիասթափություն, այլ պետք է գործողություն, այսինքն՝ գործողություն, որը կբերի արդյունքի: Ցանկացած գործողություն, որը մեզ կօգնի օրինակ՝ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն իրենց հողի վրա հանգիստ ապրելուն, եւ մեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ սահմանները պաշտպանելուն»:

  • Կիսվել: