հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար. Նիկոլ Փաշինյան

Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար. Նիկոլ Փաշինյան

Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համապատասխան միջնորդագիրն այսօր կուղարկվի նախագահին։

Նշենք, որ այսօրվա նիստում Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Երեկ InfoPort.am-ը իր աղբյուրների վրա հղում անելով` գրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունում երկուշաբթի արդեն սպասում են նոր նախարարին: Միևնույն ժամանակ նախարարությունում խուճապահար վիճակ էր, քանզի աշխատակիցները անհանգիստ էին` արդյոք նոր նախարարը կադրային քաղաքականությունում կառաջնորդվի արհեստավարժության, թե կուսակցական պատկանելության սկզբունքով:

Հավելենք, որ Ռոմանոս Պետրոսյանը երկրաբան է, աշխատել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում տնտեսագետի պաշտոնում: Թերևս այսքանով սահմանափակվում է նրա առնչությունը բնապահպանության ոլորտի հետ: Այլ ժամանակահատվածներում Պետրոսյանը աշխատել է կապի և շինարարության ոլորտներում:

Նշենք, որ InfoPort.am-ը անդրադարձել էր բնապահպանության արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի անակնկալ հրաժարականի պատճառներին: Ըստ կայքի աղբյուրների վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էրիկ Գրիգորյանի միջև հարաբերությունները լարված են եղել, քանի որ վերջինս համառորեն հրաժարվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ընկերոջը՝ Նորայր Պապյանին նշանակել Տավուշի մարզի անտառտնտեսությունում` հաշվի առնելով նրա աշխատանքային վատ համբավը։

  • Կիսվել: