երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ես որեւէ բան չեմ բացառում, այո, Թուրքիան չպետք է մեզ ասի, բայց ասում է, սրանք էլ լսում են․ Խաչատրյանը՝ «Նեմեսիսի» արձանը հանելու հնարավորության մասին

Ես որեւէ բան չեմ բացառում, այո, Թուրքիան չպետք է մեզ ասի, բայց ասում է, սրանք էլ լսում են․ Խաչատրյանը՝ «Նեմեսիսի» արձանը հանելու հնարավորության մասին

«Նեմեսիսի» արձանի տեղադրումը ողջունում եմ, շատ ճիշտ քայլ էր, Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ միգուցե այդքան էլ ճիշտ բան չի եղել, դատապարտում եմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դա իրենց պարտվողական քաղաքականության, թուրքերի առաջ ծնկելու  քաղաքականության շարունակությունն է: Իրենք պետք է հասկանան, որ ցանկացած նոր զիջում թուրքերին բերում է նորանոր պահանջների: Եթե առաջ ասում էին՝ 5 շրջան, այսօր ասում են՝ Արցախը մոռացեք, արդեն խոսում են Զանգեզուրի մասին, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին, մինչդեռ էդ մարդիկ իրենց տները վաճառել, գնացել են: Պարզ օրինակ ասեմ. ասում էին՝ Կաշենի հանքը փակեք, ճանապարհը կբացենք: Հանքը փակեցին, ճանապարհը չբացվեց: Ցանկացած պահանջի առաջ ընկրկելը բերում է թուրքերի կողմից ավելի լկտի պահանջների»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի իսկապես «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես որեւէ բան չեմ բացառում: Այո, Թուրքիան չպետք է մեզ ասի, բայց ասում է, սրանք էլ լսում են: 2021-ի սեպտեմբերին, երբ Էրդողանը թռչում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, օդանավակայանում իր նախապայմանները դրեց եւ հիմա բոլոր նախապայմանները հատ-հատ կատարվում են»:

  • Կիսվել: