Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, թե Հայաստանը երբևիցե եղե՞լ է նման ժողովրդավար․ ՔՊ-ական պատգամավոր
Ոչ թե վարչապետն է SMS-ը ուղարկել պատգամավորին կամ այլ պաշտոնյաին, այլ կուսակցության ղեկավարը իր կուսակից գործընկերոջը կարող է խնդրել պաշտոնից դուրս գալու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ դա շատ նորմալ ժողովրդավար պատկեր է:
«Ուղղակի մեր պարագայում կուսակցության ղեկավարը եւ երկրի վարչապետը նույն մարդն է: Եղել է խնդրանք, եւ մեր գործընկերներն էլ այդ խնդրանքին ընդառաջ են գնացել՝ հասկանալով, որ կուսակցությունն այդ դիրքորոշումն ունի»,-ասաց նա:
Առուշանյանը հայտարարեց. «Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, թե Հայաստանը երբևիցե եղե՞լ է նման ժողովրդավար և երբևիցե եղե՞լ է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և ամեն մեկը իր դերն ու դիրքն է ունեցել»:
Դիտարկմանը, որ միջազգային շատ զեկույցներում նշվում է, որ գործադիրը դատական համակարգի վրա ունի ազդեցություն, ՔՊ-ական պատգամավոերն ասաց. «Մեզանից շատ մեզ ոչ ոք չի քննադատում. ոչ ընդիմությունը, ոչ միջազգային կառույցները: Մենք մեր քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ այն սխալները, որը տեղի են ունեցել, փորձում ենք ուղղել: Հիմա մենք ֆիքսում ենք մենակ վատը, բայց պիտի ֆիքսվի նաև լավը: Լավ տեղաշարժեր ՀՀ-ն ունեցել է ու դա տեսանելի է թե՛ Հայաստանի ներսում, թե՛ աշխարհում»: