հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի. Զոհրաբյան

Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի. Զոհրաբյան

Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական և իրավական առումով։ Այս մասին այսօր Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և մյուս ԲՀԿ–ական պատգամավորներին նկատմամբ «սպառնալիքներին»։

Հարցին, թե ըստ իրեն՝ ի՞նչ որոշում է կայացրել դատարանը, կապված դատավորին ներկայացրած ինքնաբացարկի հետ, պատգամավորն ասաց,  որ ինքը դատարանի փոխարեն չի կարող գնահատական հնչեցնել։

«Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը,բնականաբար, ես այս պահին չեմ հրապարակի»,- ընդծեց նա։

Նա անդրադառնալով իր հանդեպ սկսված գործընթացներին և դրանց վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքին, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ հնչած մեկնաբանություններին, թե «դրսից տղա են բերել», Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Ես չեմ հանդիպել դեսպանի հետ, իմ գործընկերն են հանդիպել և այդ հայտարարությունները համարում եմ պարզ դեմագոգիա։ Երեկ, օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ քաղաքական թիմը, որտեղ ես և պատգամավոր Միքայել Մելքումյանն անդամ ենք, բավական ծանր ու կոշտ հայտարարություն էր տարածել իմ հանդեպ սկսված այս գործընթացների վերաբերյալ։ Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաներ, քաղաքական գործիչներ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով, ուշի-ուշով հետևում են թե ԲՀԿ-ի, թե անձնապես իմ հանդեպ քաղաքական գործընթացներին»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա չի համարում դրսից տղա բերել, եթե այդպիսի բան լիներ, ապա ինքը խնդրել է բազմաթիվ եվրոպացի իր գործընկերների, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, այս պահին ձեռնպահ մնալ։

«Կարծում եմ իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, որոնք իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, ՀՀ քաղաքացիների համար, և նրանց հանդեպ ոչ թե պետք սկսվեր նման ռեպրեսիաներ, այլ պետք է պայքարել կորոնավիրուսի և տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ»,- ասաց պատգամավորը։

Լրագրողները նաև հարցրեցին, թե քննարկվո՞ւմ է այլ ուժերի հետ հուշագիր ստորագրելու հարցը, արդյո՞ք հնարավոր է միանա դրան ՀՀԿ-ն, Ն. Զոհրաբյանն ասաց. «Նման քննարկումներ ձեր նշած կուսակցության հետ չի եղել։ Ես չեմ սիրում քաղաքականության մեջ Կիկոսի մահը։ Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, որոնց հետ մենք արդեն ունենք ընդհանուր համագործակցության և համախոհության դաշտ, ամեն ինչ էլ հնարավոր է, բնակականաբար, եթե համագործակցում ենք պետք է լինի նաև համագործակցության հուշագիր, որտեղ մենք կնշենք մեր առաջիկա մարտավարական և ռազմավարական քայլերը»։ 

Դիտարկմանը՝ բացառո՞ւմ են մերժված ուժերի հետ համագործակցելը,  Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ծառուկյան Գագիկն այդ հարցին հստակ պատասխանել է, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաև մեր կողմից։ Եթե կարծում եք, որ նույն հարցը տարբեր սոուսներով, մանանեխով, առանց մանանեխի, կետչուպով, մայոնեզով, տարբեր անկյուններով տալով ստանալու եք այն պատասխանը, որ ճպպացնեք վերնագիր՝ «Նա չբացառեց», ինձնից առնվազն, որպես նախկին լրագրողի չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»։

  • Կիսվել: