Մինչև 3 տարվա ավտոբուսները հնարավոր կլինի ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներմուծել հատուկ կարգով
Մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծված՝ մինչև 3 տարվա արտադրության M2 և M3 կատեգորիաների ավտոբուսներն ու միկրոավտոբուսները շրջանառության մեջ դնել հատուկ կարգով։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Ըստ նախագծի` խոսքը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցների մասին է։ Նախագծով առաջարկվում է դրանց համապատասխանությունը հաստատելու համար ընդունել ոչ միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը, այլև որոշակի պայմաններով՝ Եվրամիությունում տրված փաստաթղթերը։
Մասնավորապես, ավտոբուսը հնարավոր կլինի Հայաստանում շրջանառության մեջ դնել, եթե առկա են ԵՄ-ում տրված տրանսպորտային միջոցի ամբողջական տիպի հաստատման վկայականը՝ EU Whole-Vehicle Type-Approval Certificate, և արտադրողի տված համապատասխանության հավաստագիրը՝ Certificate of Conformity (CoC)։ Առաջինը հաստատում է տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի համապատասխանությունը, իսկ երկրորդը՝ որ կոնկրետ մեքենան համապատասխանում է հաստատված տիպին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համապատասխան տեխնիկական պահանջները ամբողջությամբ նույնական չեն, սակայն երկու համակարգերում էլ կիրառվում են ՄԱԿ-ի շրջանակում մշակված տրանսպորտային միջոցների անվտանգության միջազգային պահանջները։
Միաժամանակ այս հատուկ կարգով ներմուծված տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել միայն Հայաստանի տարածքում։ Այդ սահմանափակումը կարձանագրվի մեքենայի պետական հաշվառման ժամանակ, իսկ տվյալները հասանելի կլինեն ԱԱԾ սահմանապահ զորքերին։
Այս հնարավորությունը ժամանակավոր է և Հայաստանի համար նախատեսված է Մաքսային միության հանձնաժողովի համապատասխան որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ այն գործնականում կիրառելու ներպետական իրավական հիմք կստեղծվի։



