Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները վերջին շրջանի, զգացողությունները. Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է՝ Հանրային խորհուրդը գոյություն չունեցող միավոր է:
«2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո ստեղծված Հանրային խորհուրդն իր ստեղծման օրից երբեք չի առանձնացել մեր կյանքում, հանրային կյանքում առանձնահատուկ գործունեությամբ: Ես հույս ունեմ, որ հետայսու մենք իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը» լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բաբաջանյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Հանրային խորհրդի և նրա նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ճնշումներ են եղել, Բաբաջանյանը արձագանքեց. «Գոյություն չունեցող միավորին հնարավոր չէ ճնշել»:
Նրա խոսքով, եթե Հայաստանում այդ սահմանադրական մարմինը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, ինչը կարող է լինել դրա արդյունավետ գործունեության նախապայման:
Դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ առանց վարչապետի հետ համաձայնեցնելու Բաբաջանյանը հանդես չէր գա ՀԽ նախագահին պաշտոնազրկելու նախաձեռնությամբ, անկախ պատգամավորն արձագանքեց. «Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները վերջին շրջանի, զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ: Ես նույնիսկ նրա հետ չեմ հանդիպել այս ողջ ժամանակահատվածում, ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել: Բայց նաև ասեմ, որ հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որի առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում: Ինքը չխորշեց գնալ և նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել և ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»:
Անրադառնալով Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի հորդորին գլխավոր դատախազին ստուգել Բաբաջանյանի ունեցվածքի ծագումնաբանությունը, Բաբաջանյանը հավաստեց, որ ինքն է դիմել դատախազությանը եւ խնդրել ուսումնասիրել իր ունեցվածքը։ «Եթե որեւէ մութ անկյուններ կլինեն, խնդրել եմ, որ դատախազությունն ընթացք տա: Այդ ընտանիքի կողմից հրապարակված եւ այդ ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվող ինձ վերաբերող որեւէ տեղեկատվություն ես խնդրելու եմ, որ դատախազությունը հետամուտ լինի եւ գնահատական տա»,-ասաց Բաբաջանյանը: