երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Աղավնոյի բնակիչների ունեցվածքի թալանի մասին լուրերն առանց փաստերի մերկապարանոց ստեր են. ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ

Աղավնոյի բնակիչների ունեցվածքի թալանի մասին լուրերն առանց փաստերի մերկապարանոց ստեր են. ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  «Արդարություն» խմբակցության  անդամ Կարեն Հովհաննիսյանը վերահաստատել է օգոստոսի 5-ին արված իր այն հայտարարությունը, ըստ որի ապատեղեկատվություն էր որակել Աղավնոյի բնակչության ունեցվածքի թալանի կամ ծառահատման դեպքերի  վերաբերյալ սոցանցերում շրջանառվող  տեղեկությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ  հանդիսանալով բերձորցի, անձամբ օգոստոսի 2-ից եղել է Աղավնոյում և Բերձորում՝ փորձելով իր հնարավորություններով  թեթևացնել  տարհանվող բնակիչների հոգսերը:
 
«Ես գտնվում էի Բերձորում, երբ տեղեկացա, որ սոցցանցերի որոշ օգտատերերի կողմից տեղեկություններ են տարածվում, թե  Աղավնոյում  ծառահատման և բնակիչների ունեցվածքի թալանի դեպքեր են գրանցվել:  Լինելով նաև ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինձ համար տհաճ կլիներ, եթե նման երևույթների առումով բացթողում ունենաինք, նկատած չլինեինք, կամ, գոնե, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը տեղեկացրած չլիներ:  Նույն օրը Բերձորից նորից վերադարձանք Աղավնո՝  Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի, ու ոստիկանության շրջբաժնի պետի հետ: Համայնքի ղեկավարի համար նույնպես անակնկալ  էր թալանի կամ ծառահատման դեպքերի մասին  շրջանառվող այդ լուրը:  Նա հայտնեց, որ խոսակցություններից մեկի ժամանակ պարզապես,  ասել է, որ չի բացառում  նման երևույթներ, եթե տարհանման կազմակերպման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չիրականացվեն:  Մենք ևս մեկ անգամ շրջելով գյուղում նման դեպք չենք նկատել»,-մանրամասնել է  Կ. Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝  նշված   ժամանակահատվածում Աղավնոյում բնակչության ունեցվածքի թալանի  կամ ծառահատման դեպքերի վերաբերյալ  լուրեր տարածողները եթե ունեն փաստեր, ապա կարող են ներկայացնել, հակառակ դեպքում՝  դրանք   մերկապարանոց սուտ են հանդիսանում:

  • Կիսվել: