չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես եմ հետ քաշվելու հրաման տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին

Ես եմ հետ քաշվելու հրաման տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի սահմաններից հետ քաշվելու հարցին և ասաց, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ:

՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վարչապետօն հարցրեց, թե, նկատի ունենալով այն, որ այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք Անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել նման որոշում կայացնելուց առաջ:

Նրան ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. ՛՛Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը:

Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ՛՛:

Ապա, հղում անելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին, նա հավելեց. ՛՛Ինչու մենք այնտե՞ղ էինք կանգնած, մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած, եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով՛՛:

Հարցին՝ այսինքն՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյա՞նն է զորքերի հետ քաշվելու հրաման տվել, Փաշինյանը պատասխանեց. ՛՛Ո՛չ, ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը:

Նրա խոսքով՝  այդ որոշումը կայացվել է ռազմավարական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով:

  • Կիսվել: