երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն․ Վարչապետ

Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն․ Վարչապետ

Որեւէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան՝ ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, դրա համատեքստում կրում եմ պատասխանատավություն, այստեղ տարընթերցում չկա։ Այս մասին այսօր առցանց ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որևէ կասկած չկա, ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն: Հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, միգուցե սուր է ձևակերպումը, բայց կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, սակայն տվյալ դեպքում ժողովուրդը պետք է կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելն այդ պրոցեսի անբաժանելի մասն է: Կարևոր եմ համարում այն, որ հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ տեղի է ունեցել հետևյալը: 2018 թվականի մայիսի դրությամբ, բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց լրատվական դաշտին, երբ շատ հանրապետականներ ի ցույց էին դնում իրենց կանխատեսումները, որտեղ արձանագրում էին այն, թե Արցախի շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու:

«Նման պարագայում կա երեք տարբերակ. կամ այդ մարդիկ մարգարե են, կամ ես, կառավարությունը դավադիր ենք, կամ էլ նրանք այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և ուր է հասել: Հիմա իմ վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է հետևյալը, փորձել չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Եվ, ըստ էության, կարող ենք ասել, որ, ցավոք, դա մեզ չի հաջողվել, որովհետև կանգնած էինք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի: Եվ մենք, այո, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը և, գուցե, փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Մյուս կողմից եթե ճիշտ չէինք գնահատել, ի՞նչ պետք է անեինք, համակերպվեի՞նք այդ իրականության հետ: Ես չէի կարող դրա հետ համակերպվել և փորձել եմ Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնել: Փորձել եմ ամեն ինչ անել, որ ԶՈՒ-ի զինվածության մակարդակը էականորեն բարձրանա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին, նշելով, որ դրանք միմյանց հակադարձում են: Մի կողմից կա մեղադրանք տարածքներ հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու համար, մյուս կողմից կա մեղադրանք այն մասին, որ ավելի վաղ դա չէր արվել:

«Համ մեղադրում են հանձնելու, համ մեղադրում են չհանձնելու համար: Մեր բանակը, մեր զինված ուժերը կռվել են դիմադրել են այնքան ժամանակ, մինչև այն ունեցել է կոնկրետ ռազմավարական, մարտավարական իմաստ և նպատակ: Մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաներում: Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար 20-35 հազար մարդկանց շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի: Այս ամենի պատասխանատվությունն իմն է, բայց դա լիարժեք կրելու համար հարկ եմ համարում, որ հանրության համար բոլոր հանգամանքները պարզաբանվեն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: