ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը:

 «ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  • Կիսվել: