Ես ամաչում եմ իմ նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանի փոխարեն, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հասել է նրան, որ վարչական ռեսուրսով, ավտոբուսներով մարդ է ապահովում Հանրապետության հրապարակում: Դա ամոթալի է», - ասաց նա:

Անդրադառնալով ընտրություններին ՝ Մարուքյանը նկատեց, որ վարչական ռեսուրս կիրառող իշխանությունը «շատ սիրուն» կարող է պարտվել:

«Իրենք ավտոբուսով կբերեն, մարդիկ էլ ուրիշին կընտրեն, մեզ կընտրեն», - ասաց ԼՀԿ պատգամավորը:

Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսը փոքր բան է:

«Պատկերացրեք՝ սարսափելի վարչական ռեսուրսի դեպքում 21 հազար մարդ են բերել հրապարակ: Էս իշխանությունն էնքան ապաշնորհ ա, որ չի կարողանում վարչական ռեսուրսն արդյունավետ օգտագործել», - նկատեց պատգամավորը:

Նա խոսեց նաև Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տարբերակների մասին՝ բացառելով, որ իրենց՝ փողոց դուրս գալով՝ վարչապետը հրաժարական կտա:

«Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել: Միակ ճանապարհն ընտրություններն են», - ասաց Մարուքյանը: