չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում․ ուղիղ միացում

Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում․ ուղիղ միացում

«Մուատ» ՓԲԸ երթուղայինի ավելի քան 250 վարորդ մեկ ամիս է հարկադրված պարապուրդի մեջ են և աշխատավարձ չեն ստացել, նրանք բողոքի ակցիա են իրականցնում՝ պահանջելով որևէ օժանդակություն, քանի որ ՀՀ կառավարության մշակած սոցիալական ծրագրերից ոչ մեկի մեջ չեն մտնում:
 

Tert.am-ի հետ զրույցում վարորդները նշեցին, որ իրենց հիմնարկը դիմել է աջակցություն ստանալու, և ոչ մի դրամ չեն հատկացրել: «Հիմնական խնդիրն այն է, որ ուզում ենք իմանալ, թե ո՞վ է մեզ վճարելու, թող Կառավարությունից մի մարդ գա, մեզ ասի: Գիտենք, որ տրանսպորտի աշխատողներին չեն սիրում, որ վարորդ ենք, մեզ բանի տեղ չեն դնում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Վարորդներից մեկն էլ նշեց, որ ինքը տան միակ աշխատողն է, 7 հոգի են տանը, չգիտի՝ ինչպես պահի, տանն էլ մեկ ամսական երեխա կա:

«Տնօրինությունն ասում է, եթե Կառավարությունը փոխացնի, ապա գումար կտամ, եթե կառավարութունը միջոցներ չի հատկացնում այս ոլորտին, ի՞նչ անենք, մեկ մասով էլ երկարացրեց արտակարգ դրությունը, ի՞նչ ենք անելու: Մենք էն խավին ենք պատկանում, որ օրվա հացով ենք ապրում, այնպես չէ, որ միլիոն ենք դիզել: Հա, մենք էլ ենք հասկանում՝ վիճակը ծանր է, շնորհակալություն բժիշկներին, ուղղակի մեր խնդրանքն է, որ մեր հարցին լուծում տան, ասեն՝ մենք որ կետում ենք ներառված, մեր հասանելիք գումարը տան, յոլա գնանք, մինչև տեսնենք՝ ինչ է կատարվում»,- ասաց վարորդներից մեկը:

 

Վարորդները նշեցին, եթե լուծում չտան իրենց խնդրին, ապա կգնան Կառավարության մոտ: «Եթե հարցի լուծում չլինի, ոտքով կգնանք Կառավարություն, ինչքա՞ն կարելի է նստել: Հարգելի Փաշինյան Նիկոլ, հարգելի պարետ Ավինյան, որ օրենքները որոշում եք, էնպես որոշեք, որ բոլորին հասանելի լինի: Նիկոլ Փաշինյանը ժողովրդով նստեց վարչապետ, հիմա ժողովրդին արհամարհում է: Ինչքան կարող է այս վիճակը շարունակվի, կոնկրետ պատասխան թող տան»,- ասաց վարորդներից մեկը:

Նրանք նշում են, որ անցած ամիս աշխատել են, նույնիսկ դրա համար չեն վճարվել: «Էսքան վարչություն ու պետ կա, մեկը չկա, որ գա ու ասի՝ ինչպես պետք է լուծվի մեր խնդիրները, մեկը չգա՞ ու 250 հոգուն ասի՝ ինչո՞վ եք ապրում, ա՛յ վարորդներ»,- ասաց նա:

Ապա ցուցարարներին մոտեցավ «Մուատ» ՓԲԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը: Նա նշեց, որ դիմել են պատկան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել: «Քաղաքապետարանն ասում է՝ մեր որոշելիքը չէ, պարետատունն էլ ասում է՝ քաղաքապետարանինն է, այս մարդիկ այդ սոցիալական աջակցության 11 ծրագրերի մեջ չեն մտնում, մարդիկ ուզում են ապրեն, աշխատանք պետք է տրամադրել, կամ գումարային հատկացումներ իրենց էլ արվի, իրենց բողոքի նապատկը դա է, երեկ ուզում էին գնալ Կառավարություն, ես եմ խնդրել, որ չգանան, ավելորդ որևէ բան չհրահրելու համար»,- ասաց Կարեն Բեգլարյանը:

Նա նշեց, որ փոխադրողների միությունից էլ դիմել են Պարետատուն, որտեղից ասել են՝ այս խնդիրը դեռ քննարկման փուլում է, հիմա ոչինչ չեն կարող անել:

«Մենք փետրվար ամսից դիմում ունենք գրած, մինչև այսօր սպասում ենք, պատասխանին: 15 օր լրիվ մեր հաշվին աշխատել ենք, հիմա մեջքներս կոտրված է, եթե ասեն վաղվանից աշխատում եք, չգիտեմ՝ ոնց ենք աշխատելու, որովհետև ուղևորահոսք չկա, և մեզ ոչնչով չեն փորձում օգնել: Ես ուզում եմ հասկանալ՝ ում ենք դիմելու, գնանք դիմենք: Հնարավոր բոլոր տեղերը դիմել ենք ու շարունակում ենք դիմել երեք օղակներին էլ, վերջին անգամ տասը օր առաջ ենք դիմել, բայց պատասխան չենք ստացել: Անցյալ ամսվա հարկերն ամբողջը տվել ենք ու չոր սառույցի վրա նստած սպասում ենք ինչ է լինելու»,- ասաց նա:

  • Կիսվել: