երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

Երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի և կարևոր գործընկերներից է, և մեր երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների և դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են:

2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է: 2023 թվականին առևտրի ծավալն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցել այդ գործընթացի խթանմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը համագործակցության մասին համաձայնագիր կնքելու միջոցով:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու հայկական կողմի գործադրած ջանքերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաև երկու երկրների միջև համապարփակ տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: