ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երկար տարիներ մեկ-երկու անձի կողմից ղեկավարվել է տնտեսական ապօրինի, արտոնյալ գործունեության սխեմա, որի շրջանակում է Միքայել Մինասյանի ու Գագիկ Խաչատրյանի գործը․ Գլխավոր դատախազ

Երկար տարիներ մեկ-երկու անձի կողմից ղեկավարվել է տնտեսական ապօրինի, արտոնյալ գործունեության սխեմա, որի շրջանակում է Միքայել Մինասյանի ու Գագիկ Խաչատրյանի գործը․ Գլխավոր դատախազ

Այս պահին նախաքննական տարբեր մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք, որոնց քննության ծավալները աննախադեպ են, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Լրագրողների հարցերը վերաբերում էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ մի քանի ընկերություններում փայաբաժին ունենալու մասին վարչապետի մամուլի խոսնակի հայտարարություններին։

«Ես խոսնակի հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել, իմ գործառույթը չէ դա։ Կցանկանայի այս պահին չանձնավորել, բայց կարող եմ տեղեկացնել, որ հիմա նախադեպը չունեցող ծավալների քրեական գործեր կան։ Դրանցով ձեռք բերված նախնական տեղեկություններով օպերատիվ տեղեկություններ ու փաստական ունենք, որոնց վերուծությունը վկայում է 10-15 տարի տևական ժամանակ թաքցված և արտոնյալ պայմաններով տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ», -հայտարարեց գլխավոր դատախազը։

Ավելին, ըստ դատախազի, տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով տնտեսական սուբյեկտների կողմից։ Նա տեղեկացրեց, որ ձեռք են բերվել օպերատվի տեղեկություններ, որոնք վկայում են, որ այդ տնտեսական գործունեությունը ղեկավարվել է մեկ-երկու կենտրոններից։

«Այս 100-ավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը, ըստ էության նաև առերևույթ վկայում են, որ այնպես է կազմակերպվել, որ դրանց բացահայտման համար խոչընդոտներ ստեղծվեն», - ասաց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ աննախադեպ ծավալի քրեական գործեր են։

Հարցին՝ հիմա իրավապահներն ունեն այդ խոչընդոտնե՞րը, Դավթյանը պատասխանեց․ «Խոչընդոտն այն է, որ թաքնված է եղել այդ ամենը»։ Նա տեղեկացրեց նաև՝ երբ ապացույցները հավաքվեն ու դրանք դառնան ծանրակշիռ, կսկսեն հետապդնումներ իրականացնել։

Այդուհանդերձ, նրա խոսքով, այժմ էլ առանձին քրեական գործերով իրականացվում են հետապնդումներ․

«Օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, Միքայել Մինասյանի նկատմամբ արդեն իսկ սկսվել է հետապնդում։ Այս ամենի շրջանակում է»։

Նա ընդգծեց, որ խոսքը հարյուրավոր մլն դոլարների մասին է: Դատախազը հավելեց, որ այդ գործերի բացահայտման համար տարվում է համակցված աշխատանք, հաճախ նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելով:

  • Կիսվել: