Երևանում պայթյունից տուժածների աջակցության հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է․ Վարչապետ
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Երևանում Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունին։
"Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա",- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ տեղի ունեցածի առթթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:
Խոսելով պայթյունի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին տրամադրվող աջակցության մասին՝ վարչապետն ասաց, որ նրանց ապահովվել են ժամանակավոր կեցավայրով, մի մասն էլ տեղափոխվել է հարազատների մոտ։
"Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, առաջիկայում կկողմնորոշվեն հետագա անելիքների մասով",- ասաց վարչապետը։


