երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Կենսաբազմազանության պահպանության գործում կանանց առաջնորդությունը կարևոր նշանակություն ունի. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կենսաբազմազանության պահպանության գործում կանանց առաջնորդությունը կարևոր նշանակություն ունի. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հոկտեմբերի 20-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը, որը կազմակերպվել էր կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց խմբակցության ու Գենդերային հարցերով պատասխանատուների ցանցի կողմից` COP17-ի ՀՀ նախագահության հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ COP17-ի ՀՀ նախագահության հանձնառությունն ի սկզբանե եղել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կանանց, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ակադեմիական շրջանակների և այլ խմբերի ներառական և բովանդակային մասնակցության ապահովումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քննարկումներում և որոշումների կայացման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության պահպանման, ավանդական գիտելիքի ու մշակույթի փոխանցման գործում կանանց կարևոր դերին, ինչպես նաև ոլորտում կանանց իրավահավասարության հետ կապված գլոբալ մարտահրավերներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության կառավարման ոլորտում կանանց մասնակցության ու առաջնորդության ապահովման անհրաժեշտությունը և կարևորել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23-րդ թիրախի և Գենդերային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև միջազգային համագործակցության ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նշանակությունը՝ կենսաբազմազանության պահպանման քաղաքականություններում գենդերային հավասարության ապահովման և կանանց մասնակցության ընդլայնման համատեքստում:

  • Կիսվել: