ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեւանի ավագանին հաստատեց քանդման ենթակա հանրակացարանային 3 շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Երեւանի ավագանին հաստատեց քանդման ենթակա հանրակացարանային 3 շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հաստատեց Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10 (հանրակացարանի մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10 (սպորտային մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ) ունեցող հանրակացարանային 3 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը:

Այն կիրականացվի Երևանի տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազար ՀՀ դրամի չափով գումարի հաշվին:

Նշենք, որ Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացություններ են տրվել Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (հանրակացարան), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 (սպորտային մասնաշենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ.10/1, Վարդաշեն 6-րդ փողոց հ.68ա, Վարդաշեն փողոց հ.66/1 հանրակացարանային և Ե.Կողբացու հ.41, Շիրակի հ.60, Արզումանյան հ.10, Արզումանյան հ.12 (թվով 2 մուտք), Արզումանյան հ.17/3 (3-րդ մուտք) և Ֆուչիկի հ.23 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերին:

Գործող օրենսդրության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը, սակայն Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը:

Վերը նշված հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան, և ներկայումս միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ:

Հաշվարկներն իրականացվել են 1 քառ. մետրի համար միջինացված շուկայական արժեքով՝ 250.0 հազ. դրամի հաշվարկով: Սրանով իսկ ներկա փուլում որոշ չափով կլուծվի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների վերաբնակեցման, նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի կանխման, նոր բնակարանային ֆոնդի ստեղծման օրակարգային հարցերն ու խնդիրները:

Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցման ծրագրում նախնական հաշվառված է 64 ընտանիք:

  • Կիսվել: