հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի 100 շենքում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն․ ծրագրի արժեքը 1,25 մլն եվրո է

Երևանի 100 շենքում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն․ ծրագրի արժեքը 1,25 մլն եվրո է

Երևանը կօգտագործի արևի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:

«Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը:

 

նկար

Ծրագրով նախատեսված է կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը:

«Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով կունենանք մինչև 50 տոկոս խնայողություն: Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, հիմա՝ 50: Բայց այդ գումարում ներառված նաև ներշենքային և արտաքին լուսավորությունը»,-նշում է ««Քաղաքապետերի դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանը:

 

նկար

«Տեղադրված են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության: Մոդուլները արևային էներգիան փոխակերպում են էլեկտրականի, ստացվում է հաստատուն հոսանք, որը փոխարկիչի միջոցով դառնում է փոփոխոական և միացվում ցանցին: Այն մաքուր և, ինչը կարևոր է, վերականգնվող էներգիա է»,- մանրամասնում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի արևային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանը:

Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները, մի բան, որ վերջին տասնամյակներում երբևէ չի եղել: Հոսանքալարերն անցկացված են, լուսարձակները՝ տեղադրված, մնում է համակարգերը միացվեն:

 

նկար

«Տեղադրվել են նոր սերնդի լեդ լուսարձակներ, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ: Սա նշանակում է, որ անգամ մուտքի դուռը բացող բնակչի ձայնը բավական է, որ լուսարձակը միանա»,- ասում է լուսավորության մասնագետ, ինժեներ Արթուր Հովհաննիսյանը:

Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար: Ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն շենքերի բակերը:

«Նման ծրագիր մենք չենք ունեցել երբևէ: Այն կարող ենք հետագայում կրկնօրինակել այլ շենքերում ևս»,-ասում է Անդրե Օհանյանը:

 

նկար

Ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

Ծրագիրն ունի նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար: Քաղաքի համար առաջին ու բացառիկ ծրագրի արդյունքներն կզգացվեն արդեն աշնանը, երբ բոլոր շենքերում աշխատանքներն ավարտված և համակարգերը գործարկված կլինեն:

Տեսանյութը՝ այստեղ։

  • Կիսվել: