հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը չի ասել ես Արցախը հանձնում եմ, սա արդեն տարբեր մեկնաբանությունների արդյունք է եղել, Արցախը ոչ մեկ չի կարող հանձնել․ Սուքիասյան

Վարչապետը չի ասել ես Արցախը հանձնում եմ, սա արդեն տարբեր մեկնաբանությունների արդյունք է եղել, Արցախը ոչ մեկ չի կարող հանձնել․ Սուքիասյան

Այսօր վարչապետն ասաց, որ  Արցախում պետք է հայ բնակիչները բնակվեն, պետք է  զարգանան, բարգավաճեն։ Երեկ իր ասածի մեջ ինքը չի ասել ես Արցախը հանձնում եմ, սա արդեն տարբեր մեկնաբանությունների արդյունք է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

«Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել, Արցախի հայությունը դա մենք ենք, մեր եղբայրներն են, Արցախը կայուն կմնա, ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք  ձևակերպված են արդեն 30 տարուց ավելի մենք չենք կարողանում  գերտերությունների, հզոր պետությունների այդ ձևակերպած պահանջներից շեղվենք»,- ասաց Սուքիասյանը։ 

 «Իրենք հստակ դնում են այն նորմերը, որոնք   գոյություն ունեն։ Մենք փոքրիկ պետություն ենք, պետք է ճկուն լինենք և պետք է չվտանգենք  մեր բնակչությանը, մեր պետությանը, որպեսզի կարողանանք զարգանալ։  Եթե գնանք 100-ամյակ առաջ Եվրոպական բոլոր երկրներն այսօրվա մեր ունեցած գործողություններից, որոնք ունեցել ենք 30 տարվա մեջ,  դրանից տասնյակ, հարյուր անգամներ  ավելի դաժան հարաբերություններում են եղել։ Եվ պատերազմ, և զոհեր և կորուստներ, բայց նրանք մի պահ կանգնել են  և դրանից հետո սկսել են զարգանալ, զարգանալուց հետ սկսել են թելադրել։ Ամեն մեկն  իր ունեցած երկրի հնարավորությունների չափով։ Ես կարծում եմ, այս ճանապարհը առավել իրատեսական է,  քան ամեն անգամ բոլորի հետ կռվել,  ամեն անգամ ավելի մեծ պահանջներ դնել, բայց ոչինչ չստանալ»,-ընդգծեց պատգամավորը։ 

Սուքիասյանը նշեց, որ կառավարման համակարգում շատ տաղանդավոր մարդիկ են եղել, գործիչներ և դիվանագետներ․ «Բա ինչու՞ չի ստացվել իրենց մոտ գոնե մեկ քայլ առաջ գնալ։ Չի եղել դա, ոչ մի փաստաթղթում չկա։ Ցանկացած պետություն, կառավարություն կերազեր, որ մի այնպիսի փաստաթուղթ լիներ, որը վերցվեր որպես հիմք և շարունակվեր։ Միջազգային կազմակերպություններն առավել առաջնային են համարում ոչ թե լեզվից ամեն մեկը ինչ արտահայտություն արեց, ինչ ամպագորգոռ մտքեր արտահայտեց, այլ ինչ  փաստաթուղթ կա հիմքում»։

«Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին է խոսքը, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին՝ չլինի ինչպես  ադրբեջանական այլ համայնքներն են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ, և ես կարծում եմ, որ այսօր պետք է հմուտ ձևով աշխատեն այդ ուղղությամբ»,- ասաց նա ու հավելեց, որ աշխարհում մի քանի տարբեր կարգավիճակ ունեցող երկրներ կան, որոնք մինչև անգամ երկու երկրների իրավունքների շրջանակներում են:

«Ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է ավելի կայուն լինենք, բոլորս համախմբվենք ցանկացած պահի իշխանության շուրջը, որ մենք կարողանանք առավել ցանկալի փաստաթղթային արդյունք գրանցել: Ինչո՞ւ, որովհետև դուք ինքներդ լավ գիտեք 100-ամյակ առաջ նույնպես ունեցել ենք քաղաքական ուժերի անհամաձայնություն և պետք է  կարևոր փաստաթուղթ կյանքի կոչվեր այն ժամանակ, բայց չի ստացվել, որովհետև քաղաքական ուժերը համաձայնության չեն եկել,պատմությունը,համենայնդեպս այդպես է ասում»,- նշեց նա:

Լրագրողի պնդմանը, որ Արցախի իշխանությունը դեմ է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Սուքիասյանը հաստատեց, որ Արցախի իշխանությունը պետք է դեմ լինի.

«Ցանկացած իշխանություն պետք է ձգտի, որ անկախ լինի, բայց պետք է և իրողությունների հետ նույնպես ցանկացած իշխանություն հաշվի նստի և պետք է իր հասարակության հետ թափանցիկ լինի, բոլոր խնդիրները տեղեկացնի հասարակությանը, որ վերջինս հասկանա և իր իշխանության կողքին կանգնի»,- նշեց պատգամավորը:

 Խաչատուր Սուքիասյանի խոսքով, Թավշյա հեղափոխությունից հետո Արցախի իշխանությունները բավականին բարձր ինքնուրույնություն, ինքնավարություն են ունեցել և Հայաստանի իշխանությունների հետ հարաբերվել են այլ կարգավիճակով՝ նոր կարգավիճակով, ոչ նախկին կարգավիճակով: 

  • Կիսվել: