երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երբ ընդդիմադիր լիդերի կինը «Դիմադրության» շարժման է գնում 98 հազար դոլարանոց կլատչով, այդտեղ մարդիկ դիմադրության հոտ չեն առնում․ Ալեքսանյան

Երբ ընդդիմադիր լիդերի կինը «Դիմադրության» շարժման է գնում 98 հազար դոլարանոց կլատչով, այդտեղ մարդիկ դիմադրության հոտ չեն առնում․ Ալեքսանյան

«Պարո՛ն Նազարյան, ես լիովին կիսում եմ Ձեր այն կարծիքը, որ եթե այս պահին էլ պաշտոն զբաղեցնող կամ ինչ-որ  պաշտոնական դիրք ունեցող մեկը հանկարծ կչարաշահի իր լիազորությունները, կմտնի ինչ-որ մի զարտուղի  ճանապարհ, ապօրինի կհարստանա  քաղաքացիների հաշվին, ես նույնիսկ էլ ավելի մեծացնեմ ձեր ասածն ու կասեմ, որ այդ մարդու նկատմամբ,  առհասարակ, պատիժն ու հանրային պարսավանքը պետք է  բազմապատիկ անգամ ավելի լինի»,- ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նման դիտարկում արեց՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին։  

Այնուհետև, Ալեքսանյանն անդրադարձավ Գլխավոր դատախազի ելույթին՝ նկատելով, որ այն բավականին բովանդակալից էր․ «Հատկանշական է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը հարցուպատասխանի ընթացքում բավական մեծ տեղ էին զբաղեցնում, որովհետև, պարո՛ն Նազարյան, Ձեզ անկեղծ ասեմ՝ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ մարդկանց խոսակցություններում առաջին թեման, բնականաբար անվտանգայինն է, իսկ երկրորդ, երրորդ թեման միանաշանակ այն է, թե ե՞րբ է վերջապես այդ գործընթացը հասնելու իր վերջնակետին, ե՞րբ է վերջապես ՀՀ քաղաքացին տեսնելու, որ իրենից թալանվածը վերջապես վերադարձավ պետությանը»։ 

Կրկին դիմելով Հայաստան խմբակցությունից Գեղամ Նազարյանին՝ Ալեքսանյանը նշեց․ «Ձեր խմբակցությունը և մյուս ընդդիմադիր խմբակցությունը փորձեց որոշակիորեն  խոչընդոտել այս գործընթացը, որովհետև, առհասարակ, ընդդիմությունը,  ընդդիմադիր քաղաքական, հանրային գործիչներն այս  պահի դրությամբ  ունեն միայն թիվ 1  կարևորագույն զբաղմունք՝ թալանի պաշտպանություն, ապօրինի գույքի պաշտպանություն։Իզուր չէ, որ միասնական ընդդիմությանը անվանում եմ՝  ապօրինի գույքի պաշտպանության ճակատ։ Եթե խորանանք դետալների մեջ  ի՞նչ ենք տեսնում․ կան մարդիկ , ովքեր տարիներ շարունակ,այո, քաղաքացիների կողմից պարսավանքի են ենթարկվել, վատ վերաբերմունքի են արժանացել, ընտրություն են կեղծել ու այդ ամեն ինչն ինչի՞ համար՝ իրենց սրբության սրբոցի՝ փողի»,-նշեց Ալեքսանյանը և հավելեց, որ տարիների ընթացքում փողի կուտակման եղանակները տարբեր են եղել՝ թղթադրամ, բիթքոին, անշարժ գույք։

«Հիմա եկել է պահը, որ այդ մարդիկ պիտի փաստացի զրկվեն դրանից, պիտի զրկվեն ապօրինի կուտակած հարստությունից։ Բայց դրանից, զրկումը նրանց համար չի նշանակում պարզապես կորցնել 1 տուն,2 մեքենա, բանկային մի քանի հաշիվ,  դա նշանակում է կորցնել իրենց կյանքի 5-6-10 տարիները, որոնց ընթացքում իրենք  ենթարկվել են թե՛ պարսավանքի, թե գնացել են ամենավերջին քայլերին, թե՛ կորցրել են իրենց մարդկային  դեմքը, բայց այդ ամեն ինչի արդյունքում նրանք հույս ունեին ստեղծել մի կապիտալ, որն իրենց, թոռներին, ծոռներին ցմահ բավարարեր։ Հիմա, երբ կանգնած են այդ ամեն ինչը կորցնելու փաստի առաջ, շատ հետաքրքիր ջղաձգումների մեջ են։ Դրանք տարբեր կերպ եմ անվանվում՝ հայրենիքի փրկության ճակատ, «Դիմադրություն», ապստամբություն։ Երբ ընդդիմադիր քաղաքական լիդերի կինը «Դիմադրության» շարժման է գնում 98 հազար դոլարանոց  կլատչով, այդտեղ մարդիկ առանձնապես դիմադրության հոտ չեն առնում»,- նշեց Ալեքսանյանը և հավելեց, որ ընդդիմադիրներն իշխանականներին մեղադրում էին Օհանյանի կնոջ պայուսակի գնի բնակարան ձեռք բերելու մեջ․ «Ասում են՝ այ տեսեք, ձեր նախարարը Սեյրան Օհանյանի կնոջ պայուսակի գնի բնակարան է գնել, այ դուք տականքներ»։ 

  • Կիսվել: