հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երբ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը․ Սեյրան Օհանյան

Երբ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այսօր, երբ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը, իսկ մեր օջախներում՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ, ձեռք ձեռքի տված, Տերունական աղոթք «Հայր մերը․․․» հղելու առ Աստված։

Այսօր, ավելի քան երբևէ, տարածաշրջանում տեղի ունեցող բարդ գործընթացները տեսնելով, մենք ստիպված ենք, զենքը ձեռքներիցս վայր չդնելով, համախմբվել մեր եկեղեցու, ընտանիքի, բանակի, ազգային արժեքների շուրջ և պատվով կրել հայ քրիստոնյա լինելու սրբազան առաքելությունը»,-գրել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 24-ից մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում:

Նախկինում Սուրբ Սոֆիան քրիստոնեական եկեղեցի էր, սակայն 1453 թվականին օսմանների առաջնորդ Մեհմեթ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը և այն դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք ու կարգադրել է եկեղեցին դարձնել մզկիթ:

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի օրոք Այա Սոֆիան վերածվել է թանգարանի, բայց օրերս թուրքական դատարանը տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը:

  • Կիսվել: