Երբ ես աշխատանքից դուրս եմ գալիս, չեմ դառնում հատուկ դեսպանորդ ընդդիմության մեջ. Մամիջանյանը՝ Մարուքյանի մասին
Ես աշխատավարձ ստանում եմ ՀՀ բյուջեից, այլ ոչ թե մի ինչ-որ հողատուի «սեւ հաշվապահությունից»: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին եւ նրա հայտարարությանը, որ ընդդիմությունը պետք է մանդատները դնի եւ դուրս գա ԱԺ-ից:
«Երբ ես աշխատանքից դուրս եմ գալիս, իրականում դուրս եմ գալիս, այլ ոչ թե դառնում եմ հատուկ դեսպանորդ ընդդիմության մեջ: Ես նման նենգ գործառույթ ինձ վրա չէի վերցնի, գնայի, Փաշինյանին ասեի՝ կլինի՞ ես գործից դուրս գամ, բայց ամեն Աստծո օր աչքերս կբացեմ, կխոսեմ ՀՀԿ-ի մասին հիմարություններ, երեկոյան աչքերս փակելուց առաջ մի հատ էլ «լայվ» կմտնեմ մի հիմարություն ՀՀԿ-ի մասին կասեմ,կանցնեմ առաջ:
Նպատակը շատ պարզ է՝ մի հոգու էլ խաբի, Մարուքյանի համար մեծ արդյունավետություն է»,-ասաց նա:
Մամիջանյանը մանդատները դնելու կոչ անողներին բաժանեց երկու մասի. «Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ հարցադրումն ունեն, մեր ընտրողները, որոնք այդ հարցադրումն ունեն, մեծ սիրով եւ դա մեր պարտքն է, պատրաստ եմ այս ֆորմատով, հանդիպումների ֆորմատով, առանձնազրույցների ֆորմատով հատ առ հատ բացատրել, թե ինչու մանդատները վայր դնելը որեւէ հետեւանքի չի բերելու:
Իսկ մարդիկ, որոնք դրա համար վարձատրվում են, կարեւոր չի՝ ոչ ճամբարից, Փաշինյանի ճամբարից, իբր ընդդիմադիրներ, որոնք ժամանակին Շրեկի կատվի հայացքով 2018-ին Փաշինյանից պաշտոններ էին հայցում, որոնք ապրիլի 23-ին ափալ-թափալ վազեցին հրապարակ, որ հասցնեն մի հատ «դուխով» կեպկայով ֆոտո իրենք էլ ունենան, որոնք նամակներ էին գնում Փաշինյանին 2018-ին, որոնք ամեն կերպ փորձում էին Փաշինյանի ուշադրությունը գրավել, իրենց ես ասելիք չունեմ, որովհետեւ խմբակցության ղեկավարը «իքիբիրանոցների» հայտարարությունները չի մեկնաբանում»,- ընդգծեց Մամիջանյանը: