Երբ ասում էին ՀԱՊԿ դիտորդներ ուղարկենք, դա Հայաստանում արտաքին կառավարման ռեժիմ սահմանելու մասին էր․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Հայաստանը ֆորպոստ դարձնելու ծրագրեր ունենալու մեջ։
Փաշինյանն այդ մասին ասել է Երևանում շրջայցի շրջանակներում կուսակիցների հետ անցկացրած քննարկման ժամանակ։
«Չակերտավոր ուժեղ ընդիդմադիրները ի՞նչ են ասում խաղաղության օրակարգի հետ կապված։ Այդ մարդիկ խոսում են վերաբանակցելու մասին, խոսում են ուժով խաղաղություն պարտադրելու մասին։ Նրանք ասում են, որ չեն պատրաստվում խաղաղությանը տեր կանգնել, այսինքն՝ նրանք չեն ընդունում այդ խաղաղությունը, նրանք խաղաղությունը դելեգիտիմացնում են, ինչը պատերազմ է՝ սեպտեմբերին։ Այն ինչ նրանք ասում են՝ վերաբանակցել, չի լինելու, որովհետև այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը դա թույլ չի տալիս։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ամբողջ աշխարհը կանգնել այս խաղաղությունը ողջունում է, մեկ էլ Հայաստանը հանկարծ որևէ ձևով ասի՝ մի րոպե, մենք վերաբանակցելու բան ունենք, դա ոչ միայն պատերազմ է, դա աղետ է։ Այդ մարդկանց նպատակը՝ Ծառուկյան, Քոչարյան, Կարապետյան, մինիմում Հայաստանի ֆորպոստացումն է նրանք չեն էլ հասկանում, որ իրենք Հայաստանի պետականության վերջի սկիզբն են ուզում դնեն, որը ամիսներ է տևելու։ Հիշում եք, երբ ասում էին ՀԱՊԿ-ի դիտորդներ մտցնենք, դա ինչի՞ մասին էր, դա Հայաստանում արտաքին կառավարման ռեժիմ սահմանելու մասին էր։ Այդ խոսակցությունը մենք դադարեցրինք»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով արձանագրվելու է ընդդիմադիր ուժերի վերը նշված նարատիվի, ինչպես նաև այդ քաղաքական ուժերի մահը։ «Հունիսի 7-ի ընտրությունները ռուսաստանաբնակ օլիգարխներին, բելառուսամետ օլիգարխներին, էմիսարներին արմատախիլ անելու մասին է, ինչպես նաև ժողովրդի կողմից խաղաղությանը տեր կանգնելու մասին է։ Ես տեսնում եմ, որ ժողովուրդն արդեն տեր կանգնել է խաղաղության օրակարգին, պարզապես հունիսի 7-ին պետք է գնա ու դե յուրե հաստատի դա»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։
2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, դիմել էր այդ կառույցին և աջակցություն խնդրել, ՀԱՊԿ-ից սակայն արձագանքը նախ ուշացավ, ապա առաջարկում էին Հայաստանում ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայել, որը Հայաստանը մերժեց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի պահանջն է, որ ՀԱՊԿ-ն նախ քաղաքական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիային, դրանից հետո համապատասխան քայլեր ձեռնարկի ագրեսիայի հետևանքները վերացնելու համար։ Հայաստանը դրանից հետո հայտարարեց նաև իր անդամությունը ՀԱՊԿ-ին սառեցնելու մասին։


