երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Էկոնոմիկայի նախարարն առաջարկում է հունվարի 2-ից աշխատել, որ ընտանիքը հարուստ դառնա

Էկոնոմիկայի նախարարն առաջարկում է հունվարի 2-ից աշխատել, որ ընտանիքը հարուստ դառնա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ 13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն ու ինքն իր եղբայրների հետ գնաց զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ:

«44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին: Թե որպես մարդ, թե որպես բանակ, թե որպես երկիր մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն», - ասաց նախարարը:

Նա նշեց, թե այնպես է ստացվել, որ պատերազմ գնալիս պայուսակում թողել էր «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գիրքը:

Նախարարն ասաց, թե գրքում պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում ու շատ այլ երկրներում, որ հաջողության հասնեն հոկեյում կամ ֆուտբոլում:

«Այստեղ պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր նշանակություն է ունեցել Բիլ Գեյթսի, Սթիվ Ջոբսի հաջողության համար այն, որ իրենք ծնվել են 1955 թվականին: Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին որպես հաջողության հասնելու միակ ձև», - ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ ամանորյա տոները կրճատելու մասին իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է:

«Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին: Խոսքերս ուզում եմ ավարտել այս գրքի կարմիր թելը հանդիսացող չինական ասացվածքով՝ «Չկա մեկը, ով տարվա մեջ 360 օր անցնում է աշխատանքի արևածագից առաջ ու չի դարձնում իր ընտանիքը հարուստ»: Պետք է անցնենք աշխատանքի», - նշեց նախարարը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։

Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։

Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։

  • Կիսվել: