կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽ-ում ՀՀ դեսպանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները

ԵԽ-ում ՀՀ դեսպանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։

Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Դեսպանը կոչ է արել Նախարարների կոմիտեին լինել հետևողական և ձեռնարկել հստակ քայլեր՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից Ադրբեջանին զսպելու համար։

Ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցին։

Այս առիթով դեսպանն ընդգծել է, որ հանձնակատար Միյատովիչի արձանագրումները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումները։

Դեսպան Խաչատրյանը ելույթը եզրափակել է՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործընթացին։

  • Կիսվել: