երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
 
Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ:
 
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2020-2022 թթ. ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանային իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ տիկին Պեյչինովիչի կողմից արված հայտարարությունների համար:
 
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել Կառավարության բարեփոխումների լայնածավալ օրակարգում և ըստ էության անդրադարձել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին: Միաժամանակ, նախարարը կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն:
 
«Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին:
Տիկին Պեյչինովիչը բարձր է գնահատել Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների լույսի ներքո կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից:
 
Քննարկել են նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցությունը:
 
Նախանշվել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: